Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեդիտային համակարգը թերություն չէ

Օգոստոս 29,2012 14:21

Բայց դրա ներդրումը պետք է լինի իմաստալից եւ ո՛չ ինքնանպատակ

Ամեն օր փոփոխվող աշխարհում աշխատանքային շուկայի պահանջներն էլ են արագ փոփոխվում՝ կյանքի ռիթմին համընթաց: Թե ինչպիսին պետք է լինի բարձրագույն կրթությունը, ինչ մարտահրավերներ պետք է այն հաղթահարի, այս թեմայով մեզ հետ զրուցեց Կրթության միջազգային ակադեմիայի Որակի կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Սիրամարգ Վարդումյանը:

– Ճի՞շտ է, արդյոք, որ Հայաստանը ժամանակին համաշխարհային մակարդակով կրթական ոլորտի առաջատարներից մեկն է եղել:

– Հայաստանը ունի եւ վաղուց ի վեր ունեցել է լուրջ կրթական ավանդույթներ: Մենք հպարտությամբ ենք հիշում մեր կրթօջախները, որտեղ դեռ վաղ միջնադարից սկսած կրթվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարազգի երիտասարդներ: Հայկական համալսարաններում, ճեմարաններում, վարդապետարաններում, րաբունարաններում, դպրոցներում եւ այլ կրթօջախներում դասավանդում եւ ստեղծագործում էին ժամանակի լավագույն գիտնականները: Այն ժամանակ, երբ եվրոպական համալսարաններում կրթությունը բավականին սահմանափակ էր, Հայաստանում եւ Բյուզանդիայում գործում էին լուրջ գիտական կենտրոններ: Կարելի է ասել, որ եվրոպական համալսարանները ձեւավորվել են հենց մեր կրթական ավանդույթների հիման վրա:

Ցավոք, այսօր մեր կրթական համակարգը կարելի է նկարագրել բոլորովին այլ բառով՝ «անկում»: Սա հրատապ խնդիր է. եթե մենք կարողանանք կարճ ժամանակում ճիշտ զարգացման ուղի բռնել, մենք կհասնենք բարեկեցության եւ արժանի տեղ կգրավենք աշխարհի կրթական համակարգում:

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար:

– Խորհրդային Միությունից մենք ժառանգել ենք լավ կրթական համակարգ, որը, սակայն, այսօր չի կարող բավարարել համաշխարհային եւ նույնիսկ տեղական աշխատանքային շուկայի պահանջներին: Մենք առաջնորդվում ենք Բոլոնիայի գործընթացով, որը ենթադրում է համաշխարհային սկզբունքների եւ արժեքների ինտեգրում: Ժամանակին հայեցի կրթությունը բնութագրվել է բացառիկ որակի նշանով, Հայաստանում լինել կրթված՝ նշանակել է իր ժամանակից մեկ քայլ առաջ: Ահա թե ինչին պետք է ձգտել: Պետք է ապահովել կրթություն, որը կլինի մեր ժամանակի ամենաորակյալ կրթությունը, ամբողջ աշխարհում կլինի որակի չափանիշը: Այսօր կրթության որակի խնդիրներից ամենահրատապներն են՝ համատարած մանկավարժական դիլետանտիզմը, միասնական չափորոշիչների բացակայությունը, դասախոսները, ովքեր, չնայած իրենց բարձր մասնագիտական պատրաստվածությանը, չեն տիրապետում ժամանակակից մանկավարժական մեթոդներին… Գաղտնիք չէ, որ դպրոցում ապագա ուսանողները չեն ստանում այն գիտելիքները, որոնք նրանց անհրաժեշտ են լինելու բուհում սովորելու համար: Ուսուցիչները չունեն համապատասխան պատրաստվածություն: Սակայն դպրոցի բարեփոխումն այս դեպքում ոչ մի արդյունք չի ունենա, քանի որ խնդիրը ոչ թե կազմակերպական է, այլ կադրային: Ուսուցչին անհրաժեշտ է ճիշտ կրթել, իսկ սա արդեն բուհի խնդիրն է, ուսանողներին պետք է տրամադրել այնպիսի կրթական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ մեր ապագայի դպրոցը ի վիճակի կլինի տրամադրել լիարժեք կրթություն:

Մյուս խնդիրն այն է, որ այսօր հայկական կրթական դաշտում չկա միասնականություն. ձգտելով համապատասխանեցնել մեր կրթությունը միջազգային չափանիշներին՝ մեր բոլոր բուհերը ընդունել են ինչ-որ «կրեդիտային համակարգ», գնահատման սկզբունքներ, արդյունքում մենք ոչ թե նմանվում ենք աշխարհին, այլ այս փոքրիկ հանրապետությունում բոլորը տարբերվում են իրարից: Ճիշտ հասկացեք, կրեդիտային համակարգն ինքնին թերություն չէ, սակայն պետք է հասկանալ, որ այն ինքնանպատակ չէ, ներդրումը պետք է լինի իմաստալից եւ բավարարի ժամանակի պահանջներին:

Ժամանակակից խնդիրներից մեկն էլ դասավանդման մեթոդների համապատասխանությունն է ժամանակակից կրթության նպատակներին եւ խնդիրներին. Հայաստանում քիչ չեն հրաշալի մասնագետները, ովքեր, սակայն, լիովին չեն կիրառում դասավանդման արդյունավետ մեթոդները: Այս խնդիրը լուծելու համար մենք անցկացրեցինք մի շարք վերապատրաստումներ, որոնց արդյունքում դասավանդումը դարձավ ավելի արդյունավետ: Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն այն, թե մենք ինչ ենք դասավանդում եւ ինչպե՛ս, այլեւ այն, թե ում ենք դասավանդում, որոնք են մեր ուսանողի կարիքները, ե՛րբ եւ որտե՛ղ է նրան պետք գալու այն գիտելիքը, որը մենք նրան հաղորդում ենք:

Եվս մեկ շատ կարեւոր խնդիր. հայալեզու ուսումնական գրականության սակավությունը: Ժամանակին մենք ունեինք կրթության բարձր որակ, որովհետեւ ունեինք գիտնականներ, ովքեր ստեղծում էին ձեռնարկներ: Ոչ մի գիտական աշխատություն չէր գրվում որպես վերացական «աշխատանք», հայ գիտնականները ստեղծում էին ուսումնական ձեռնարկներ իրենց ուսանողների համար: Նրանց նպատակը ուսանողներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն էր. այդպես էին աշխատում եւ Գրիգոր Տաթեւացին, եւ Անանիա Շիրակացին, եւ մյուսները: Հավատացեք, այն ժամանակ շատ ավելի բարդ էր դասագիրք հայթայթելը, քան հիմա, քանի որ նույնիսկ տպագրություն դեռ չկար, էլ չեմ խոսում պատճենահանման եւ էլեկտրոնային ռեսուրսների մասին, բայց Գրիգոր Մագիստրոսն անձամբ թարգմանեց Էվկլիդեսի «Երկրաչափությունը», որպեսզի նրա ուսանողներն ունենան որակյալ ուսումնական ձեռնարկ: Մեր լավագույն գիտնականներին պետք է հորդորել կատարել այդ գործը՝ ստեղծել ժամանակակից, եզակի, որակյալ ձեռնարկներ կամ թարգմանել եւ ուսանողներին տրամադրել աշխարհում ընդունված լավագույն ձեռնարկները:

Զրուցեց ՍՄԲԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031