Լրահոս
Օրվա լրահոսը

Չայկովսկու դպրոցի մասին «դրսում» էլ են հիացմունքով խոսում

Օգոստոս 29,2012 14:12

Մարտուն Կոստանդյանն իր սանի հետ:

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար գալիք ուսումնական տարին հոբելյանական է: 75-ամյա այս կրթօջախը, որը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնագիտական գործնական դարբնոցն է, առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Չայկովսկին դպրոց է ավանդույթներով ու դափնիներով, թեեւ մեր օրերում գտնվում են առանձին անհատ երաժիշտներ, ովքեր մշտապես գովերգում են «հին» Չայկովսկու դպրոցը եւ նույնքան մշտապես քննադատում «նորը»: Մտահոգող է, որ կուլիսներում նման զրույցներ վարող մեկ-երկու արվեստագետները ղեկավարներն են մշակութային այն օջախների, որոնց եթե ոչ 100, ապա 99% երաժիշտները այս դպրոցի շրջանավարտներ են:

«Առավոտը» զրուցեց ԱՊՀ երկրներում ու Արեւմուտքում ճանաչված այս դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի հետ, որը ընդամենը 3 տարի է՝ ինչ այդ պաշտոնում է: Մեր զրուցակցի խոսքերով՝ միայն անցած ուսումնական տարում իրենց սաները մասնակցելով Մոսկվայում, Յալթայում, Բուխարեստում կայացած երիտասարդ կատարողների մրցույթներին, վերադարձել են դափնիներով՝ բարձր պահելով հայ երաժշտական կատարողական դպրոցի անունը: Երեք տարի շարունակ պատանի երաժիշտները մասնակցում են Սամարայում՝ Յու. Բաշմետի ղեկավարությամբ անցկացվող «Ամառային ակադեմիայի» դասերին: Կարեւորելով կոլեկտիվ հասկացությունը երաժշտարվեստում՝ տնօրենը փաստեց, որ հայաստանյան մշակութային կյանքին մշտական մասնակցություն են ունենում դպրոցի մոտ 80 հոգանոց սիմֆոնիկ նվագախումբը (ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան), 25 երաժիշտ ընդգրկող կամերային նվագախումբը (ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), որը շահել է Գրան պրի՝ 2011թ. Պրահայում կայացած նվագախմբերի մրցույթում, շուրջ 70 հոգանոց երգչախումբը (ղեկավար՝ Սարինե Ավթանդիլյան), ջութակահարների անսամբլը (ղեկավարներ՝ Աննա Աճեմյան եւ Էմմա Լալայան) ու 40 երաժշտից բաղկացած փողային նվագախումբը (ղեկավար՝ Գուրգեն Սարգսյան): Պարոն Կոստանդյանը նշեց նաեւ, որ անցյալ տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվող մյուզիքլների մրցույթում դպրոցը ներկայանալով Ռիբնիկովի «Գայլը եւ 7 այծերը» բեմադրությամբ, որն իրականացրել էր Զառա Արմաղանյանը, գրավեց առաջին տեղը: Ռեպլիկին, թե մշտապես խոսվում է վերջին շրջանում փողային գործիքների երաժիշտների պակասի մասին, տնօրենը նշեց, որ անցնող ուսումնական տարում համալրվել են փողային գործիքների (տրոմբոն, հոբոյ, գալարափող, ֆագոտ) դասարանները, հավելելով. «Ուսումնական բնականոն ընթացքը խթանում են նաեւ երաժշտական գործիքները եւ արդեն տարբեր հիմնադրամների միջոցով դպրոցը ձեռք է բերել վալթորն, հոբոյ, ֆլեյտա»:

Մարտուն Կոստանդյանը հատուկ շեշտեց, որ երկրորդ տարին է, ինչ ընդունելության ժամանակ իրենք կարող են թույլ տալ «շքեղություն». «Դիմորդների 30-35 տոկոսը չեն ընդունվում մեր դպրոց, այդ թվում՝ նաեւ երաժշտական 7-ամյա դպրոցներն ավարտած աշակերտները, քանի որ մրցույթը մեծ է: Ընտրում ենք իսկապես շնորհալիներին՝ այս տարի շուրջ 100 երեխա»: Մեր զրուցակիցը հավելեց, որ այս ուսումնական տարվանից առաջին անգամ դպրոցին կից գործելու է վոկալ-էստրադային ստուդիա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի ղեկավարությամբ, շրջանավարտներն էլ կստանան վկայական, ինչը հնարավորություն կտա նրանց՝ դիմելու կոնսերվատորիայի ջազային-էստրադային ֆակուլտետ:

Այս ուսումնական տարվա շրջանավարտներից բոլո՞րն են ընդունվել կոնսերվատորիա: Պարոն Կոստանդյանը նշեց, թե ավարտել է շուրջ 50 երաժիշտ, նրանցից միայն 2-ը չեն դիմել կոնսերվատորիա, իսկ մյուսները ընդունվել են: Անդրադառնալով դպրոցին, հատկապես առանձնացնելով գրադարանն ու դահլիճը, տնօրենն ասաց, որ ուսումնական տարին սկսելու են նոր կահավորանքով, ինչը Սփյուռքի նվերն է, եւ այս աշխատանքները կոորդինացրել է Համահայկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արա Վարդանյանը:

Տնօրենի հետ մեր զրույցին միացավ նաեւ Էլեն Սահակյանը, ով ուսանում է դպրոցի 11-րդ դասարանում, կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Յավրյանի դասարանում: Պատանի դաշնակահարը օրերս է վերադարձել Շվեյցարիայի Վերբիե քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնից: Մարտուն Կոստանդյանը տեղեկացրեց, որ սա հեղինակավոր փառատոն է՝ հարուստ բյուջեով, ԱՊՀ երկրներից փառատոնին մասնակցել են նաեւ Բելառուսն ու Ռուսաստանը՝ թվով 13 պատանի երաժիշտ: Փառատոնին դպրոցի մասնակցությանն օգնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Փառատոնի կազմկոմիտեն ներկայացուցչական է, որտեղ աշխարհահռչակ անուններ են՝ Գերգիեւ, Աբբադո, Վենգերով, Մացուեւ, Լուգանսկի, Մայսկի եւ այլն: Էլենն ասաց, որ փառատոնային օրերին ծանոթացել է Նարեկ եւ Միքայել Հախնազարյանների հետ, տեղեկացնելով, որ աշնանը Միքայելը մենահամերգ կունենա Երեւանում: Աղջնակը նշեց նաեւ, որ բախտ է ունեցել մասնակցելու Բաշկիրովի կողմից անցկացվող դասերին եւ հատկապես նշեց. «Աշխարհին հայտնի դասական երաժշտարվեստի դեմքերը իմանալով, որ ես Երեւանի Չայկովսկու անվան դպրոցից եմ, նրանց առաջին ռեակցիան լինում էր հիացական բացականչությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031