Թեեւ Լոռու մարզը օտարերկրացիների շրջանում առավելապես ճանաչված է Սանահին-Հաղպատով, ապա նաեւ բնությամբ, վանաձորցի Գեւորգ Վարդանյանի կարծիքով՝ ժամանակն է զբոսաշրջության շրջանակները մեծացնելու՝ օգտվելով մարզի ընձեռած հնարավորություններից:
«Lori travel club»-ի հիմնադիր նախագահը պնդում է, որ Լոռին մեծ հեռանկար ունի զարգանալու. «Մենք միակ մարզն ենք, որ այսքան մեծ թվով պատմաճարտարապետական հուշարձաններ ունենք: Այդ առումով Լոռին միտում ունի զարգանալու»:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է աշխատանք տանել եւ ներգնա, եւ արտագնա տուրիզմի զարգացման ուղղությամբ. «Անհրաժեշտ է բնակչության մոտ տուրիզմի վերաբերյալ գիտելիքների բարձրացումը, որպեսզի մարդիկ հասկանան, որ մեր հուշարձանները խնջույքների համար նպաստավոր վայրեր լինելուց զատ՝ նաեւ ունեն ճանաչողական նշանակություն: Բացի այդ՝ եթե Լոռին 7 օրով ներկայացվի արտերկրում, դա կխթանի տուրիզմը՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին մարզը ամբողջությամբ շրջելու համար»:
Կարդացեք նաև
Խոսելով զբոսաշրջության զարգացմանը խանգարող գործոններից՝ «Lori travel club» -ի հիմնադիր նախագահը ուշադրություն է դարձնում մարզում տուրիստների հետ աշխատող կադրերի պակասի, ինչպես նաեւ հյուրանոցային սպասարկման ոչ անհրաժեշտ մակարդակի վրա:
«Սպասարկումը բարձր չէ, դա այն սպասարկումը չէ, որը կարող է տուրիստին գրավել, բավարարել: Բացի այդ, Լոռիում չկա տուրիզմի հարցերով զբաղվող առանձին ենթակառուցվածք, որը հսկի, կարգավորի այդ ոլորտի խնդիրները»,- ասում է Գեւորգ Վարդանյանը:
Մարզում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար էլ արդեն սեպտեմբերից «Lori travel club»-ը կգործի որպես տուրիստական գործակալություն. «Մտադիր ենք մարզում զարգացնել եւ ներգնա, եւ արտագնա տուրիզմը: Երեք տարվա ոչ ֆորմալ աշխատանքներից հետո ձեռք ենք բերել մեծ փորձ, որը հնարավորություն կտա մեզ Լոռու մարզում այնպիսի երթուղիներ նախագծել, ինչը դեռ ոչ ոք չի իրականացրել»:
Գեւորգ Վարդանյանը մտադիր է Լոռիում ավանդական դարձնել պանրի տոնը, եղած բերքի տոնին էլ ավելի մեծ մասսայականություն հաղորդել. «Ցանկալի է մի քանի օրով կազմակերպել պանրի փառատոն, գյուղական տուրիզմի զարգացման խթան կհանդիսանա: Նաեւ բերքի տոնն ենք ուզում վերականգնել, բայց ավելի լայն, մեծ մասշտաբներով, որ ավելի լավը լինի»:
Վանաձորցի երիտասարդը մտադիր է նաեւ Լոռիում ավանդական դարձած «Լոռվա ձմեռ» փառատոնը դարձնել տուրիստական լուրջ փառատոն, որը մեկ օրվա փոխարեն կտեւի մի քանի օր. «Շատ տոներ ունենք, որ ճիշտ չենք օգտագործում: Չպետք է սահմանափակվել միայն տեղի բնակիչների համար տոներ կազմակերպելով, այդ նույնը կազմակերպելով ավելի մեծ մասշտաբներով՝ մի կողմից կխթանի մարզի զբոսաշրջության զարգացմանը, մյուս կողմից էլ՝ համայնքի բյուջեն գումար կաշխատի»:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ