Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակը սրտի կաթվածի՞ է հասցրել

Օգոստոս 29,2012 13:56

Նա իր խաղահրապարակը, լողավազանն ու խորովածանոցը բնակիչների ճանապարհի հաշվի՞ն է կառուցել

Առաջ, երբ հարցնում էին հասցես, ես հրճվանքով պատասխանում էի՝ ապրում եմ երեւանյան Արբատում, այսինքն՝ Կոզեռն թաղամասում: Սովետական «բռնապետությունը» բնակիչներին ապահովել էր մարդկության կարիքների համար բոլոր միջոցները՝ ընտանիքներն ունեին առանձին բացօթյա զուգարաններ, երկու 8-10 մետր լայնությամբ փողոց-ճանապարհներ, մեկը՝ Դեմիրճյան, մյուսը՝ Պռոշյան փողոցից: Այսինքն՝ շտապօգնության, հրդեհի, աղբահանության, շինարարական-կենցաղային բեռնափոխադրման եւ սեփական մեքենաների ելումուտի համար: Ճանապարհներ, որոնցով 70 տարի մենք խանութ, մանկապարտեզ, դպրոց ենք գնացել: Մեր թաղը շրջապատված էր գեղատեսիլ բնությամբ, անտառ-պուրակով, թենիսի երկու կորտանոց դաշտով: Անկախությունից հետո ծառերը կտրեցին, բնությունը բնաջնջեցին, թենիսի դաշտը վերացրին, մեր զուգարանները քանդեցին, մնացինք առանց զուգարանների: Իսկ տարածքը մասնատեցին, բաժանեցին իրար մեջ: Մեր այդ երկու փողոցների խաչմերուկի հարեւանությամբ բաժին հասավ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջը: Ա. Սարգսյանը ընդհանուր հողամասի տարածքով հսկայական շենքը կառուցելուց հետո հայտնաբերեց, որ լողավազանի, խաղահրապարակի եւ խորովածանոցի տարածք չկա: Առիթից օգտվելով, որ հարեւաններից ոմանք Հայաստանում չէին, ոմանք մահացել էին, նա որոշեց իր ծրագիրն իրականացնել: Ինձ էլ հասկացրեց, որ տունս անճանապարհ կմնա, եթե իրեն չվաճառեմ, նա ցանկություն հայտնեց այն գնելու, որպեսզի իրեն չխանգարենք փողոցն ամբողջությամբ փակել: Բայց հետո մտափոխվեց, ու պատգամավորը որոշեց բռնի կերպով իմ հարցերը լուծել: Խանգարելու համար ինձ ծեծելով՝ հին պարսպի պատերը քանդեցին, ամբողջ փողոցի լայնքով առաջ բերեցին եւ երկու ճանապարհն էլ վերցրին պարսպի մեջ: Ինձ էլ սպառնացին, որ կթաղեն այդտեղ, եթե սուս չմնամ, կամ էլ «պլան» կգտնեն գրպանիցս: Հետագայում, մեր բողոքելուց հետո, պետական բարձր հովանու ներքո քաղաքային չինովնիկների աջակցությամբ օրինականացրին: Եվ մենք մնացինք տուպիկում՝ տները կան հերթականությամբ, փողոցը չկա: Իսկ քաղաքային եւ թաղային մանր չինովնիկները մեզ հավաստիացնում էին, թե իբր 1 տարուց քանդելու են թաղամասը, քանի որ այն իրացման գոտի է:

Եվ այսպես, 7 տարի խաբելով, մեզ ճանապարհից զրկած պահում են:

Երկու անգամ դիմել ենք նախագահին, պատասխանը ստացել ենք քաղաքապետարանից. համաձայն քաղաքային իշխանությունների ուսումնասիրության՝ Արտակ Սարգսյանը մեր հարեւանությամբ չի ապրում: Այսինքն՝ նրա տունը հասցեափոխվել է՝ դառնալով Բաղրամյան 21ա, իսկ սեփականատերն էլ կինն է: Քաղաքապետարանն իր պատասխանում խորհուրդ է տվել հարցը հարեւաններով լուծել: 2 անգամ գրավոր բացատրել եմ, որ անհնար է նման հարեւանի հետ հարց լուծել՝ ոչ մի պատասխան:

Դիմում եմ հանրապետության նախագահին՝ պահանջելով ոչ թե նյութական, այլ բարոյական աջակցություն. ապահովեք մեր անվտանգությունը եւ վերականգնեք մեր ոտնահարված իրավունքները մեր իսկ փողոցում եւ բնակարանում: 7 տարի ասեղների վրա ենք, մարդկանց նյարդերը քայքայված վիճակում են, շաքարով հիվանդացա, սրտի կաթված ստացա այս տարիների ընթացքում: Դանդաղ սպանում են, համբերություններս հատել է: Պատկերացրեք՝ նույն բանը Ձեզ հետ է կատարվել, ի՞նչ կանեիք Դուք՝ մեկ այդպիսի խորհուրդ էլ տվեք ինձ: 11 անձով ո՞ւր թողնենք-փախչենք այս անօրենք հայրենիքից, ագահ մարդկանցից:

ՆՈՐԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 3/10

Բնակչի բողոքի վերաբերյալ երեկ պարզաբանում ստանալու նպատակով «Առավոտի» զանգերին ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց:

Պատրաստ ենք լսել նաեւ պատգամավորի պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031