Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկան ցմահ քաղաքապետեր, ցմահ պառլամենտականներ»

Օգոստոս 29,2012 13:43

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝  Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չլինելը կորուստ չէ ոչ իր, ոչ էլ գյումրեցիների համար:

Նախընտրական Գյումրիում փոխանակ խոսեն քաղաքապետի կամ ավագանու անդամի այս կամ այն թեկնածուի մասին, այսօր քննարկման միակ թեման Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակն է: Նրա շուրջ ծավալվող պատմություններն այնքան արագ են զարգանում, որ նույնիսկ լրագրողներն են հազիվ հասցնում արձանագրել: Իսկ սա նշանակում է, որ որքան էլ մեր իշխանությունները թերագնահատեն Գյումրու գործող քաղաքապետին, հայտարարեն, որ նա որեւէ դերակատարություն չի կարող ունենալ ընտրություններում, եւ որ ամեն ինչ վերջացած է, այդուհանդերձ՝ նրան հաջողվում է հասարակության ուշադրությունը շեղել իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանի ընտրարշավից, ինչու չէ՝ նաեւ որոշ չափով տապալել վերջինիս պլանները, օրինակ՝ ասենք, ռազբորկայի մեջ ներքաշել ու փախուստի մատնել նրա նախընտրած ավագանու թեկնածուներին: Ինչպես հայտնի է՝ պարոն Ղուկասյանի որդին կասկածվում է Սամվել Բալասանյանի թիմակիցներին քեն քշելու, նրանց հետ «դեբոշ» սարքելու մեջ: Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Արտյոմ Օվսյանի տեղեկացմամբ՝ «2012 թվականի օգոստոսի 24-ին Գյումրու Ռուսթավելի եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղատան մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել խուլիգանություն. մի խումբ տղաներ կռվել, վիճաբանել, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հնչել են կրակոցներ»: Ոստիկանությունը, ելնելով նախաքննության շահերից, թեեւ պաշտոնապես անուններ չի հրապարակում, սակայն Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ պահպանման տարածք տեղափոխված Ղուկասյանների «Կիա» մակնիշի 30 ԼԼ 244 եւ «ԲԲՄՎ X 6» մակնիշի 99 VՏ 999 համարանիշի ավտոմեքենաները, որոնք մենք անձամբ ենք առիթ ունեցել տեսնելու, արդեն իսկ հուշում են նրա որդու մասնակցության մասին: Ու թեեւ Սպարտակ Ղուկասյանը իր շրջապատով փախել է հանրապետությունից, այդուհանդերձ՝ ոստիկանությունը այս օրերին խուզարկում է կրակոցների մասնակիցների տներն ու օբյեկտները, այդ թվում՝ նաեւ Վարդան Ղուկասյանի: Խուլիգանություն կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կիրառելու փաստի առթիվ քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, կա արդեն մեկ ձերբակալված, մյուսներին փորձում են հայտնաբերել:

Ի՞նչ է կատարվում Գյումրիում, ե՞րբ են վերջ դրվելու կրակոցներին, «Առավոտ»-ին հուզող այս հարցերին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսպես է պատասխանում. «Դուք գիտեք, որ նյութեր են նախապատրաստվում, հարուցվել է քրեական գործ, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն, ես այդպես եմ կարծում: Եվ ես լինելու եմ հետեւողական, որ այդպես լինի: Դուք էլ էդ պրովոկացիոն հարցերը մի տվեք, ոչ ոք չի կարող ասել՝ վաղը ինչ կլինի, կարեւորն այն է՝ եթե լինում է, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվեն, դա է կարեւորը, որ անհետեւանք չմնա: Առանձնապես ոչ մի աղմուկ էլ չկա, ուղղակի դա ձեր՝ լրատվության կողմից է աղմուկ բարձրացվում, վնասվածքներ կա՞ն, զոհ կա՞, ցանկացած տեղ էլ կարող են կրակոցներ լինել, կա՝ պիտի պատասխան տան, ի՞նչ անենք, դրա համար ոստիկանության համակարգ ունենք, դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք ավելի լավ են աշխատում, քան թե նախկինում»:

Երեկ Շիրակի մարզի Թորոս գյուղ մշակութային միջոցառմանը մասնակցելու հրավիրված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց. «Ով կկրակի, նա կպատժվի, բայց մենք ամեն ինչ անում ենք, մեր կարեւորագույն խնդիրն այն է, որ ընտրությունները լարված չանցնեն, լավ ելք ունենան: Առավել եւս մեր պաշտպանած թեկնածուի ընտրեցինք այն իմաստով, որովհետեւ գյումրեցիները որոշակի դրական ըմբռնումներ ունեն թեկնածուի նկատմամբ, կարծում եմ՝ Գյումրիին անհրաժեշտ է այդ հավատի վերընձեռումը, առավել եւս դա է, որ արդյունքներ է բերելու: Կարծում եմ՝ եթե մեր պաշտպանած թեկնածուն անցնի, ծանոթ եմ նաեւ ծրագրերին, ներդրումային քաղաքականությանը, որի հնարավորությունները Գյումրիի համար անսպառ կլինեն Սամվել Բալասանյանի կողմից, եւ աստիճանաբար գյումրեցին այնպես կքայլի իր քաղաքի փողոցներով, որ հուշ կդառնան կրակոցները, գզվռտոցները, վատ մոտեցումները»: Իսկ ՀՀԿ-ն որեւէ պաշտոն նախատեսե՞լ է Գյումրու հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար, կուսակցությունը քննարկե՞լ է նրա հարցը, որտե՞ղ են նրան տեսնում, այս հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահը շեշտում է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չլինելը կորուստ չէ ոչ գյումրեցիների եւ ոչ էլ Վարդան Ղուկասյանի համար: «Վարդան Ղուկասյանը ազատ է իր ընտրության մեջ, եւ կարծում եմ, որ մենք դեռեւս չգիտենք՝ ինչ մտորումներ, ինչ մտածումներ ունի, եւ բնավ էն կարծիքին չենք, որ ցմահ քաղաքապետեր կան, ցմահ պառլամենտականներ կան, դա կորուստ չեմ համարում ոչ իր համար, ոչ էլ գյումրեցիների համար»: Գալուստ Սահակյանը ակնկալում է, որ Գյումրին պիտի հանգիստ քաղաք դառնա, միաժամանակ եւ նախկինի պես չքնող քաղաք, որը դարձյալ պիտի կրի արհեստների եւ արվեստների քաղաք տիտղոսը: «Տնտեսական ճգնաժամի պայմաններում նախագահը կարողացավ իր հմուտ վարվելակերպով կարգավորել բնակարանային հարցը, որը նորից ընթացքի մեջ է, այսինքն՝ այս բոլոր արժեքները որպեսզի տեսանելի լինեն Գյումրիի համար, Գյումրին պետք է հանգիստ քաղաք դառնա»,- ասում է պարոն Սահակյանը: Նա նաեւ ողբերգություն չի համարում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմի՝ ՀՀԿ-ի շարքերից մասսայաբար դուրս գալը: «Գիտեք, կուսակցությունը հենց նրա համար է, որ մարդիկ գան, ձեւավորվեն, եթե կկարողանան այն պայքարը, որը տանում է կուսակցությունը, իրենց համար հաղթահարելի կդարձնեն: Կուսակցությունը անընդհատ գալիս-գնում է, բայց գաղափարախոսները եւ կուսակցության հիմնական գերագույն մարմինները իրենց տեղում են մշտապես, մարդու իրավունքների խնդիր է, ցանկացած մարդ կարող է ցանկացած կուսակցություն ընտրել, կուսակցությունից դուրս գալ, բայց կարծում եմ՝ Հանրապետականի համար շահեկան իրավիճակ է ամբողջությամբ, ոչ թե այն իմաստով, որ Հանրապետականը միայն իշխանություն է, այլեւ Հանրապետականը վերջին հաշվով պիտի կարողանա այս տարիների բոլոր խոստումները, որ տվել է հասարակությանը՝ թե գաղափարախոսական, թե կոնկրետ այսօրվա իմաստով կարծում եմ՝ կիրացնի, անկախ նրանից՝ ով նեղացած կգնա, ով նեղացած կհեռանա կամ նորերը կգան»: Գալուստ Սահակյանը նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ն պետության ու ազգի շահերին կուսակցական նեղ խողովակով չի նայում, այլապես Գյումրու քաղաքապետի համար կառաջադրեր ՀՀԿ-ականներից որեւէ մեկին, իսկ իրենք այս պաշտոնի համար բազմաթիվ թեկնածուներ ունեին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031