Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ամենաքաղցր մասը

Օգոստոս 29,2012 13:20

Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է՝ թե՛ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե՛ նրա, ով «գռփում եւ թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետեւ սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, եւ այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին (պաշտոնապես՝ «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են եւ պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:

Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի եւ ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»՝ որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում եւ նույնիսկ կրակում: Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին՝ պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն՝ «իշխանազրկություն», եւ նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում՝ հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ:

Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, եւ ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»: Հիմա՝ իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում՝ նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետեւ քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:

Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, եւ դրա արտահայտման ձեւերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից՝ վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031