«Լոնդոն 2012» ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի ոչ այնքան հաջող ելույթն ու համեստ վաստակը պարզաբանելու խնդրանքով ԲՀԿ լրատվության վարչության օգնությամբ դիմեցինք ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին:
«Օլիմպիական կոմիտեի նախագահի երեկվա հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է: Ցավոք, ես վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան ես մեր թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, մեր մարզիկները արժանի են ամենաջերմ խոսքերի, իսկ անհաջողություններ, իհարկե, կլինեն. Դա սպորտ է:
Անկախ մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար:
Կարդացեք նաև
Ինձ հարցազրույցում ամենաշատը հետաքրքրեց մանկապատանեկան սպորտին առնչվող հատվածը: Մենք ունենք փայլուն երեխաներ, որոնց համար պայմաններ են պետք, որպեսզի վաղը դառնան իսկական չեմպիոններ: Եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնելու մանկապատանեկան սպորտին, վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է: Ես ինքս պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում»,- ասաց Նազիկ Ավդալյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ