Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց. «Վաղը, դատական նիստի ընթացքում պարզ կդառնա, Արմեն Աշոտյանը պետական այր է, թե սովորական խաբեբա»:
Պարոն Զոլյանը տեղեկացրեց, որ ինքը դատավարությունը չի դադարեցրել, այլ պարզապես ընդմիջում է տվել: Ս. Զոլյանը բորբոքված, վրդովված է այն բանից, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից արժանացել է երկու նկատողության:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար) Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին աշխատանքից ազատվեց, և բուհի ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմում չներկայացրեց, որից հետո, այս տարվա հունիսի 12-ին բուհի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը: Սուրեն Զոլյանը դատական երկու հայց էր ներկայացրել դատարան՝ վիճարկելով նախ իր պաշտոնանկության օրինականությունը, ինչպես նաև ստացած նկատողությունը, որը տրվել է ԿԳ նախարարի կողից:
Կարդացեք նաև
Վերլուծելով ԿԳ նախարարի գործունեությունը՝ Ս. Զոլյանը հայտարարում է, թե նա մանր խարդախություն և ժուլիկություն է անում: Վաղվա դատական նիստի մասին խոսելով՝ Ս. Զոլյանը նշում է, թե սկսվում է երկրորդ սերիան և արդեն ԿԳ նախարարության հերթն է պատասխաններ տալու:
Պարոն Զոլյանը ԿԳ նախարարի գործունեությունը իր նկատմամբ քննադատելիս հղումներ էր կատարում մի շարք միջազգային մարմինների ներկայացրած կարծիքին: Օրինակ՝ ԵԽ-ն ներկայացրել է մի հատուկ որոշում, որում ներկայացվում է, թե ՀՀ կառավարությունն իրավունք չուներ նման ստուգումներ իրականացնել բուհում: Ս. Զոլյանը տեղեկացրեց, որ իր դիմումները անպատասխան են մնացել ՀՀ նախագահի, վարչապետի կողմից:
Նա նշեց, որ իրեն ստիպում են հեռանալ ՀՀ-ից, քանի որ մեր երկրում իրենց որևէ առաջարկություն չեն արել, ընդհակառակը՝ բոլոր միջպետական ծրագրերից իրեն հանել են: Այս փաստը մեկնաբանելիս Բրյուսովի նախկին ռեկտորը նշեց. «Չգիտեմ, դա տեղի է ունեցել ԿԳ նախարարի ցուցումով, թե հաճոյանալու համար»:
Ս. Զոլյանը հրավեր է ստացել Տալինի համալսարանից՝ գիտական աշխատանքով զբաղվելու համար: Նա մեկնում է երեք ամսով: Իր մեկնելու կապակցությամբ նա նշեց. « Ինձ աշխատանքից հեռացնելը արդեն հետապնդում է: Կա խոսքի ազատության իրավունք, օրինակ, որ ասեմ, որ տվյալ նախարարի տվյալ հրամանը սխալ է: Ես դրա համար պատժվեցի: Իսկ եթե գիտնականը աշխատանք չունի, ուստի տանը նստել չի կարող, հետևաբար պետք է ընդունեի առաջարկը: Փաստորեն, ամեն ինչ անում են, որ ես երկրից հեռանամ: Խնդիրն այն է, որ իշխանությունները չեն ուզում ընդունել իրենց կողմից սխալը, եթե ես գնում եմ Հայաստանից, ապա չկա մարդ, չկա պրոբլեմ: Իսկ դատարանում ինձ կարող է ներկայացնել իմ փաստաբանը, պարտադիր չէ, որ ես նստեմ այնտեղ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ