Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: «Փաստինֆո» գործակալությանը հայտնի դարձավ հավաստի աղբյուրից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ էին հնչել:
Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:
«Փաստինֆո»