Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մովսես Մանուկյան. «Զարմանալ կարելի է, թե հանգստյան գոտիներում ինչպես է էներգետիկայի նախարարության կողմից հանքարդյունաբերության լիցենզիաներ հատկացվում»

Օգոստոս 29,2012 12:53

Հատված Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ հարցազրույցից

   -Կոտայքի մարզը հնուց ի վեր հայտնի է իր հանգստավայրերով` Ծաղկաձոր, Հանքավան, Աղվերան, Աղավնաձոր, Մեղրաձոր, ուր սիրով հանգստանում են ե՛ւ հայաստանցիները, ե՛ւ օտարները: Բայց վերջին շրջանում այս առողջարանային եւ հանգստյան վայրերի համար սովորական դարձած հողերի նշանակության փոփոխությանը եւ տարերային կառուցապատմանը ավելացել է առավել մեծ մի աղետ` այս վայրերում հանքարդյունաբերության լիցենզիաներ են տրվում տարբեր ընկերությունների: Բայց չէ՞ որ մինչեւ վերջերս եւ այսօր էլ այս նույն տարածքում մենք տնտեսության մեկ այլ ճյուղ` զբոսաշրջությունն էինք զարգացնում:
-Հայաստանի կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտում է որպես առաջնահերթություն, այն հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Պետությունն ու ոլորտի տնտեսավարողները, ըստ էության, անում են ամեն ինչ զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան բազմապատկելու համար:
Իհարկե, զբոսաշրջության զարգացման ամենակարեւոր եւ ծանրակշիռ կռվանը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզանում մեկն է` անաղարտ բնություն: Իսկ թե որքանով է անաղարտ տվյալ տարածքի բնությունը, այսօր ցանկացած պոտենցիալ զբոսաշրջիկ համակարգչի մկնիկի մի հարվածով կարող է որոնել, գտնել համացանցում եւ հետաքրքրող տարածքը մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն ճանապարհ ընկնել:
  -Կամ` չընկնել, չէ որ եթե իր համար ոչ շահեկան տվյալներ հայտնաբերի, կհրաժարվի նախնական որոշումից: 
-Այդ առումով մեր տարածաշրջանը, որքան էլ խուսափեմ ասել, առայժմ շահեկան վիճակում է: Հատկապես վերջին տարիներին երկրում` պայմանավորված առանձնահատուկ բնակլիմայական եւ պատմամշակութային միջավայրով, հստակ առանձնացվում են տուրիզմի զարգացման որոշակի կենտրոններ, որոնց թվում են Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը։
Ցավոք, հայրենի կառավարությունում, ինչպես հաճախ է պատահում, աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Այս առումով թերեւս զարմանալ կարելի է, թե հանգստյան գոտիներում, զբոսաշրջության զարգացման ավանդույթ եւ լուրջ հեռանկար ունեցող գոտիներում ինչպես, ինչ տրամաբանությամբ է էներգետիկայի նախարարության եւ նրա կազմում գտնվող ընդերքի տրամադրման գործակալության կողմից հանքարդյունաբերության լիցենզիաներ հատկացվում:
-Պարոն Մանուկյան, խնդրում եմ նշեք, թե կոնկրետ ինչ հանքավայրերի մասին է խոսքը, դրանց շահագործումն ինչ վտանգներով է հղի:
-Խոսքն այս դեպքում ե՛ւ Ծաղկաձորում` Հրազդանի երկաթահանքի արդյունահանմանն ու երկաթաձուլարանի շահագործմանն է վերաբերում, ե՛ւ Հանքավանում` մոլիբդենի արդյունահանմանը, ինչպես նաեւ` ալյումինի հանքի շահագործմանը, ի հավելումն, խոսվում է ոսկու մի քանի նոր հանքերի շահագործման մասին:
– Ինչպես եք պատկերացնում միմյանց բացառող այս երկու բնագավառների զարգացման հնարավորությունը նույն տարածքի վրա:
-Ճիշտն ասած, չգիտեմ սա համարեմ զույգ նախարարությունների միջեւ համագործակցության բացակայություն, թե մեր կառավարության կողմից տնտեսության զարգացման ուղղությունների փոփոխության որոշում:
Զբոսաշրջության եւ միաժամանակ հանքարդյունաբերության զարգացումն այս տարածաշրջանում անհեռանկար է, ավելին՝ անմիտ եւ անիմաստ նախաձեռնություն: Ավելի քան համոզված եմ` այստեղ հանքարդյունաբերություն զարգացնելը հղի է ծանր հետեւանքներով:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031