Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են երկու կապանցի` ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնում են Կապանի քաղաքացիներին և հատկապես մեր քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Խնդիրն այն չէ, թե թեկնածուները և իրենց թիմերը իրար նկատմամբ ինչ կասեն և որտեղ կասեն, դա իրենք թող որոշեն, դա մեր ներքին Կապան ընտանիքի գործն է: Խնդիրն այն է, որ օտարներն են ցանկանում որոշել Կապանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ընթացքը:
Սեպտեմբերի 2-ին Կապանում քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և կանադական «Dundee Precious Metals» ընկերության սեփականություն հանդիսացող, Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը կազմակերպում են համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ: Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը կազմակերպում է համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ (դա ընտրություններում ընդունված քարոզչական հնարք է), բայց մենք անընդունելի ենք համարում այս ընտրական փուլում օտարերկրյա ընկերության կամ օտարերկրացու ֆինանսական կամ այլ տիպի օժանդակություն որևէ թեկնածուի օգտին:
«Կապանի ապագան որոշում է կապանցին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է կանադական «Dundee Precious Metals» ընկերության սեփականություն հանդիսացող, Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրինությանը մինչև սեպտեմբերի 9 զերծ մնալ ֆինանսական կամ այլ ձևի աջակցությունից որևէ թեկնածուի օգտին, այլապես մենք դա կդիտենք որպես պետական, ազգային անվտանգության խնդիր:
Կարդացեք նաև
«Կապանի ապագան որոշում է կապանցին» քաղաքացիական նախաձեռնություն