Հատված Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ հարցազրույցից:
-Նվազագույն շեմը հազիվ հաղթահարած ընդդիմադիր ուժերը, թվում էր, խորհրդարան մուտք գործելուց հետո պետք է ակտիվանան նախագահական ընտրություններից առաջ սեփական վարկանիշը գոնե մի փոքր բարձրացնելու համար, բայց ամենապասիվ գործելաձեւը որդեգրեցին: Ինչի ՞ մասին է սա վկայում։
-Իրոք, ընդդիմության պասիվությունը չի կարելի պայմանավորել ամառային հանգստով, քանի որ ավելի քան 8 հարյուր համայնքներում, այդ թվում՝ նաեւ խոշոր քաղաքներից շատերում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, իսկ ընդդիմության մասնակցությունը գրեթե զրոյական է: Ճիշտ է, ընդդիմությունն էլ բազմաշերտ է, քանի որ կան որոշ ընդդիմադիր կուսակցություններ, այլընտրանքային ուժեր, որոնք որոշակի առաջադրումներ կատարել են:
Ընդհանուր առմամբ, պետության քաղաքական համակարգի զարգացումների ու առաջընթացի համար բացասական է, երբ քաղաքական ուժերը չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, այլ պայքարում են միայն նախագահական աթոռի ու պատգամավորական մանդատների համար: Նման պարագաներում այս քաղաքական ուժերի գործունեությունը դժվար է քաղաքական համարել, քանի որ ավելի շատ նմանվում է պաշտոնակռվի:
Մինչդեռ այս նույն քաղաքական, ընդդիմադիր ուժերը ամեն առիթով միայն խոսում են պետության համաչափ զարգացման մասին, սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրերը պահպանելու համար կուրծք են ծեծում, բայց երբ գալիս է ինչ-որ բան անելու ժամանակը՝ ոչ մի գործնական քայլ չեն կատարում:
Ինչո՞ւ չեն պայքարում որեւէ համայնքում գյուղապետ կամ քաղաքապետ ունենալու եւ իրենց մտահղացումները կյանքի կոչելու համար: Չէ՞ որ սեփական գաղափարների ու ծրագրերի առավելությունները հաստատելու համար մրցակցությունից լավ ճանապարհ մարդկությունը չգիտի:
Երեխան էլ կարող է ամպագոռգոռ հայտարարություններ անել, աջ ու ձախ բոլորին հայհոյել ու բոլորին վատաբանել, իսկ քաղաքական ուժը իր մրցակցին, ընդդիմադիրին քննադատելուց բացի պետք է կարողանա նաեւ գոնե ինչ-որ նոր, այլընտրանքային առաջարկներ անել: Եթե ընդդիմադիր կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ չի ներկայացնում տվյալ համայնքը զարգացնելու իր ծրագիրը, համայնքի բնակչության հարգանքն ու վստահությունը վայելող ոչ մի թեկնածու չունի որ առաջադրի, համապետական ընտրությունների ժամանակ ներկայացրած հավակնությունները ինչպե՞ս է հիմնավորելու:
-Կարելի՞ է ասել, որ այսօր ներքաղաքական դաշտում արմատական ընդդիմություն չկա, իսկ ընդդիմադիր ճամբարը թույլ է:
-Իհարկե, ՀԱԿ-ը դեռ ունի համակիրների որոշակի զանգված, սակայն անցած տարիները ապացուցեցին, որ սա այն ուժն է, որ մի բան ասում է, ապա ամիսներ շարունակ անում է հակառակը ու անվերջ «բացատրում», թե ինչու չի անում այն, ինչ ասում է:
Հիմա էլ ՀԱԿ-ը ինչ-որ բաներ է հայտարարում, բայց դեռ չի որոշել իր առաջիկա անելիքը: Արդյունքում ՀԱԿ-ը, իրենց գնահատականներով, «բյուրեղանում» է՝ կորցնելով իր բոլոր երեւելի ու ազդեցիկ դեմքերին: Կարծում եմ, ՀԱԿ-ը ինչ-որ բանի է սպասում եւ չի կարողանում կողմնորոշվել:
Չեմ կարծում, թե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին զգալի մասնակցություն կունենա, քանի որ նախագահական լուրջ նկրտումներ ունեցող ուժը նախ պետք է կարողանա ազդեցիկ մասնակցություն ունենալ բոլոր մակարդակի ընտրություններին: Հավանաբար նրանք ինչ-որ ինտրիգ են նախապատրաստում նախագահական ընտրությունների համար, բայց չեմ կարծում, թե կկարողանան իրենց նպատակին հասնել: Սեպտեմբերի վերջին ամեն ինչ առավել հստակ կդառնա:
Հիմա ընդդիմությունը պարփակվել է իր «դիոգենեսյան տակառում» եւ մտորում է, թե մի քանի ամիս հետո ինչպես պետք է «գրոհով վերցնի» նախագահի պաշտոնը: Այս վիճակը հաստատում է, որ ընդդիմությունը քաղաքական զարգացում չի ապրում: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե ԱԺ աշնանային նստաշրջանում շոուների դեֆիցիտ կլինի, եւ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ կմնան պոպուլիստական, ամբոխահաճո, զգացմունքային ելույթներից:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»