Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետի սպանության գործն է՞լ այսպիսի խայտառակ մակարդակով քննեն

Օգոստոս 29,2012 11:54

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի քննության որոշ մանրամասների ծանոթանալուց հետո արդեն բնավ էլ զարմանալի չէ, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ ոստիկանությունը՝ նախկին պետ Ալիկ Սարգսյանի պաշտոնավարության օրոք, ինչու չբացահայտեցին այդ սպանությունը։ Ոստիկանությունն իր ներկայիս ղեկավարի՝ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ կբացահայտի՞ Մհերյանի սպանությունը, հարց է, որին դեռ հնարավոր չէ միանշանակ այո կամ ոչ ասել։

Եթե նույնիսկ բացառենք փոխոստիկանապետի սպանությունը չբացահայտելու դիտավորությունը, ապա փաստերը վկայում են, որ որոշ հարցերում ի սկգբանե դրսեւորվել է ծայրահեղ, նույնիսկ անհեթեթության աստիճանի հասնող անփութություն, ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք, նախաքննության շահերին հակասող անգործություն։ Որոշները չեն էլ ջանացել, որ հանցագործությունը բացահայտվի, ինչպես ասում են, նրանց սիրտն այդ առումով տաք չի եղել։

Ոստիկանապետի    տեղակալի աշխատասենյակի զննումը կատարել են 2009 թ. Գ.Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հատկապես կարեւոր գործերի քննիչներ Ա.Վարդանյանը, Ս. Տոնոյանը, Վ. Ջանազյանը, ինչպես նաեւ փոխոստիկանապետի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով օպերատիվ խմբի ղեկավար, այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ (այժմ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) Արմեն Երիցյանը։ Զննումը սկսվել է նրա սպանության օրը՝ 2009 թ. փետրվարի 3-ին, սակայն զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունը այդ փաստաթղթի առաջին էջում թվագրվել է Գ.Մհերյանի սպանությունից ուղիղ մեկ տարի առաջվա ամսաթվով՝ 03 փետրվարի 2008 թ.:

Ավելին՝ նույն փաստաթղթի վերջին էջում էլ գրված է՝ «Զննումը սկսվեց 2008 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 22:30-ին, եւ ավարտվեց 2008 թ. փետրվարի 4-ին՝ ժամը 03.30-ին», իսկ 4 տող ներքեւ՝ «Արձանագրությունը ընթերցվեց բարձրաձայն, ընթերակաների կողմից դիտողություններ եւ հայտարարություններ չեղան, այն գրված է ճիշտ, որի համար ստորագրում ենք»։

Թեեւ ստորագրողները եղել են յոթ հոգի՝ զննումը կատարած հիշյալ պաշտոնյաները, զննման գործողությանը ներկա եղած ընթերականեր Էդուարդ Հովակիմյանը եւ Վահրամ Մկրտչյանը, ինչպես նաեւ հրավիրված մասնագետ Արմեն Ավետիսյանը, սակայն նրանցից որեէ մեկը չի նկատել, որ փաստաթղթում տարեթիվը երեք տեղ սխալ է գրված։ Այնուամենայնիվ, հասկանալի է, որ այդ սխալը թեեւ անընդունելի, բայց անփութության հետեւանք է։

…Ապշել կարելի է՝ Մհերյանի սպանությունից հետո դիտելով Երեւանի Բարբյուսի փողոցի թիվ 65 հասցեում գտնվող նրա բնակության շենքի մոտ կատարվող իրադարձությունները պատկերող տեսանյութը (youtube.com/watch?v=4uHKIH9_Y): Իրավաբանականի նույնիսկ առաջին կուրսում սովորողներին էլ է երեւի հայտնի, որ սպանությունից հետո չի կարելի այդքան մարդու թողնել այնտեղ, որտեղ, հնարավոր է, հանցագործության կամ հանցագործի բացահայտման համար օգտակար ինչ-որ հետքեր, առարկաներ լինեն՝ սկսած ծխախոտի նետված կոթուկից, վերջացրած հանցագործի ձեռքից կամ գրպանից պատահաբար վայր ընկած ինչ-որ իրով։

Եթե բազմաթիվ մարդիկ այնտեղ գործ չունեին անելու, ապա, անկախ իրենց գբաղեցրած բարձր պաշտոններից, ինչո՞ւ է թույլատրվել նրանց մուտքը շենքի շքամուտքի մոտ, որտեղ քիչ առաջ մտել եւ որտեղից դուրս էր եկել ոստիկանապետի տեղակալին սպանողը։ Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համա՞ր է թույլատրվել… Ընդ որում՝ շքամուտքի մոտ միայն ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատափորձազետ Շոթա Վարդանյանը չէ, որ ներկա են եղել, այլեւ տասնյակ ու տասնյակ այլ անձինք։ Ի՞նչ գործ ունեին նրանք այնտեղ։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031