Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը ինտենսիվ բուժում է ստանում

Օգոստոս 29,2012 11:48

Ղրղըզստան - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը (կենտրոնում) թուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ` Բիշքեկից դուրս գտնվող մերձակա «Ալա-Արչա» պետական նստավայրում, 23-ը օգոստոսի, 2012թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի առողջության վատթարացման մասին լուրերը առաջին անգամ հաղորդվեցին անցած հինգշաբթի, երբ նա ընդհատեց Ղրղըզստան իր այցելությունը, որտեղ անցկացվում էր թուրքալեզու երկրների գագաթնաժողովը, եւ շուտ վերադարձավ Թուրքիա:

Օգոստոսի 23-ին վերադառնալով Թուրքիա` նա անմիջապես  տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մինչեւ հիմա 62-ամյա Գյուլը ինտենսիվ բուժում է ստանում:

Գյուլը երկու ականջներում ցավ է զգում:  2006 թվականին, երբ նա արտգործնախարար էր, նույն խնդիրներն ուներ ու վիրահատության էր ենթարկվել, 2008 թվականին եւս հիվանդությունը կրկնվել էր:

Շաբաթասկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էր այցելել հիվանդանոց: Տեսակցությունը մոտավորապես մեկ ժամ էր տեւել:

Հոսպիտալացվելուց հետո Գյուլին զանգահարել ու առողջություն են մաղթել Ադրբեջանի, Եգիպտոսի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի, Իրանի, Իրաքի նախագահները, Պաղեստինի առաջնորդը։

Hurriyet Daily News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Գյուլի առողջական վիճակը բարելավվում է։ Երեքշաբթի օրը նա նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, սակայն նույն օրը հայտնի դարձավ, որ բժիշկները Գյուլին խորհուրդ են տվել եւս հինգ օր մնալ հիվանդանոցում եւ չմասնակցել Հաղթանակի օրվան նվիրված օգոստոսի 30-ի տոնական միջոցառումներին։

«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չեղյալ են համարվել Հաղթանակի օրվա կապակցությամբ նախագահական «Չանկայա» պալատում նախատեսված տոնական արարողությունն ու ընդունելությունը:

Օգոստոսի 30-ին Թուրքիան նշում է 1071 թվականին բյուզանդական բանակի նկատմամբ թուրք սելջուկների հաղթանակի օրը: Այս տարի նշվելու է Մանազկերտի ճակատամարտի 941-րդ տարին:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երեկ հաղորդում է տարածել, հայտնելով, որ արարողությունը չեղյալ է համարվել բժիշկների պահանջով, որոնք խորհուրդ են տվել սահմանափակել Գյուլի աշխատանքային  ծանրաբեռնվածությունը:

Բժիշկները կրճատել են Թուրքիայի նախագահի առաջիկա ամիսների աշխատանքային գրաֆիկը, ինչպես նաեւ նրանց խորհրդով չեղյալ են համարվել սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին նախատեսված նրա այցերը։ Չեղյալ է համարվել սեպտեմբերի 9-ին Շվեդիա նախատեսվող պետական այցը, ինչպես նաեւ երկարատեւ ուղեւորությունը Միացյալ Նահանգներ, որտեղ Գյուլը լինելու էր սեպտեմբերի 19-26-ը, մի շարք հանդիպումներ էր ունենալու, մասնակցելու էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031