Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ի պատասխան Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրդովմունքին, թե իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը ոչ մի իրավապաշտպան չներկայացավ ու չսատարեց, Դանիելյանին հարց ուղղեց. «Միքայել Դանիելյանին կասեի «Բանակն իրականում» միջոցառումներին ինքը որտե՞ղ էր: Բայց չեմ գնահատի, որ ինքը չի զբաղվում այդ հարցով, անձնական կոռեկտության մասին է խոսքը»: Պարոն Սաքունցը բացատրեց, որ երեկ՝ Վեզիրյանի դատավարության ժամանակ, իրենք պարապ նստած չէին.«Նույն այդ ժամանակ դատական գործընթացների մեջ եմ եղել՝ էլի ուղղված է եղել գլխավոր դատախազության եւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պետի դեմ ՝ քրեական գործ հարուցելու պահանջով, որը արդեն 1,5 տարի է տեւում: Միկա Դանիելյանի ասածներին մեկնաբանություն չեմ տալիս, դա նրա կարծիքն է, եթե իշխանության ներկայացուցիչ ասած լիներ, իմ կարծիքները կասեի, բայց եթե Միկա Դանիելյանն այդպես է կարծում, դա արդեն նրա կարծիքն է: Առաջին անգամ չէ, որ նման արտահայտություններ են լինում, շրջապատը կարող է գնահատել, արդյոք այդ վարքագիծը կոռե՞կտ է , թե՞ ոչ: Իմ գործընկերների վերաբերյալ նման տիպի արտահայտություններում որեւիցե գնահատական չեմ տալիս, ինձ համար կարեւորը գործողություններն են»:
Պարոն Սաքունցն ասաց, որ նրանք պատրաստ են սատարել Վեզիրյանին ու Հարավային Կովկասում իրավապաշտպանության վիճակի ու իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունների մասին իրենց առաջիկա զեկույցում էլ անպայման կընդգրկեն նաեւ Վեզիրյանի գործը:
Ինչ վերաբերում է, Վեզիրյանին ուղղված մեղադրանքներին, թե ինքն ապրիլի 30-ին քարոզչանյութեր բաժանելու պատճառով վեճի բռնված Մանուկյաններին պատշաճ չի ներկայացել, եղել է առանց բեյջի, պարոն Սաքունցն ասաց. «Վեզիրյանը չպետք է ներկայանար, եւ որեւիցե քաղաքացի էլ չպետք է ներկայանար: Ակնհայտ քրեական հետապնդում է իրավապաշտպանի նկատմամբ, եւ ակնհայտ կեղծ մեղադրանք է, որովհետեւ քրեական գործի ընթացքում նրանք շուռ տվեցին մեղադրանքը Վեզիրյանի դեմ ՝լռեցնելու համար: Իրավապահ մարմինների սովոր պրակտիկան է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ