2013-ի ավարտին Երեւանը կունենա նոր, միջազգային չափանիշներին համապատասխան կրկես։ Դեռեւս 2011-ի օգոստոսի 1-ից «Տաշիր» ընկերության նախաձեռնությամբ շինարարական աշխատանքներ սկսվեցին Երեւանի պետական կրկեսի շենքում, որը շուրջ 50 տարի անմխիթար վիճակում էր, գմբեթն էլ՝ վթարային։ Նոր նախագծով նախատեսվում է կրկեսի շենքի բարձրությունը հասցնել մինչեւ 22 մետրի, իսկ նստատեղերը ավելացնել 4 հարյուրով՝ հասցնելով 2 հազարի։ Ամենավերին հարկում բարձրակարգ հյուրանոց կկառուցվի դերասանների համար։ Իսկ կենդանիներն էլ կրկեսից դուրս կունենան իրենց առանձին կացարանը։
6 մլն ԱՄՆ դոլար արժողություն ունեցող ծրագրի շինարարական աշխատանքներն այսօր էլ շարունակվում են, եւ ինչպես ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, այս ժամանակահատվածում կրկեսի դերասանները ոչ մի վայրկյան չեն հանգստացել, այլ ավելի մեծ թափով են շարունակել ստեղծագործական աշխատանքները, ունեցել են հյուրախաղեր, մասնակցել են մի շարք միջագգային մրցույթների։ Վերջերս էլ Հռոմում տեղի ունեցած աճպարարների միջազգային մրցույթ-փառատոնին Սոս Պետրոսյան կրտսերը դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաեւ հնարավորություն ստացել հոկտեմբերի 1-ից սկսած մեկ ամիս շարունակ Լաս Վեգասում ելույթ ունենալ աշխարհի լավագույն արտիստների հետ։
– Մենք այս ընթացքում մոտ 20 անվճար ելույթ ենք ունեցել նաեւ Հայաստանի տարբեր մարզերում անապահով ընտանիքների ու մանկատների երեխաների համար,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս օրերին իրենք աշխատում են նոր նախագծի վրա, որը պետք է իրականություն դառնա 2015-ին։
Կարդացեք նաև
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա կրկեսային միջազգային մրցույթ, որը լիցենզավորված է Փարիզի միջազգային մրցույթների կազմակերպման գրասենյակի կողմից։ Մրցույթին մասնակցելու է աշխարհի ավելի քան 60 երկիր։ Այն նվիրված կլինի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին։
Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ
«Հայացք»