Արտակ Նազարյանի մահվան գործով օգոստոսի 28-ի դատական նիստի վերջում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հերթական անգամ նախաքննական մարմնին մեղադրեց քրեական գործի փաստերը խեղաթյուրելու մեջ: Մեղադրող Հարություն Հարությունյանը հակադարձեց, որ իրավապաշտպանն է գործի նյութերը սխալ ընկալում: Սա հունից հանեց Ռուբեն Մարտիրոսյանին, ով գոչեց. «Հիմա նորից ձեզ հայտարարում եմ՝ դուք, պարոն Հարությունյան, հանցագործ եք, եւ պետք է նստեք այ անտեղ (ցույց տալով ամբաստանյալների կողմը), հիմա դուք քրեական գործ հարուցեք իմ դեմ, ինչո՞ւ ես խելոք նստել»:
Քրեական գործով մյուս մեղադրող Հայկ Հարոյանը իրավապաշտպանից պահանջեց իսկույն ներկայացնել հանցագործության մասին պատշաճ հաղորդում:
-Կարո՞ղ է ընդմիջմանը ինչ-որ բան օգտագործել է,-դահլիճում նստածներին հարցրեց դատավոր Սամվել Մարդանյանը, նկատի ունենալով, որ Ռուբեն Մարտիրոսյանը կարող էր ոգելից խմիչք օգտագործած լինել:
Կարդացեք նաև
-Չէ, ես պիտի բերեի, չեմ բերել, -ասաց Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը:
Դատավոր Սամվել Մարդանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար դատական սանկցիա կիրառեց եւ դատական կարգադրիչներին հրահանգեց Ռուբեն Մարտիրոսյանին հեռացնել դահլիճից:
-Հանցագործներ, սրիկաներ,- հեռանալիս գոչեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ