Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանի արձագանքը՝ Ողջի գետի աղտոտմանը. այդ վթարը «ստից բան է»

Օգոստոս 29,2012 11:02

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար մետաղյա խողովակաշարի վթարի արդյունքում թունավոր թափոնները լցվել էին Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը, որը ստացել էր պոչերին բնորոշ տարօրինակ գույն եւ կապանցիներից ոմանց մոտ առաջացրել սրտխառնուք եւ գլխացավ։ Առանց երկմտելու կարելի է պնդել, որ եթե չլիներ լրագրողների եւ տեղի բնապահպանների բարձրացրած աղմուկը, ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ բնապահպանության նախարարությունը որեւէ քայլ չէին ձեռնարկի վթարի շուտափույթ վերացման ուղղությամբ։ Ավելին, նրանք պարզապես կհերքեին արտահոսքի փաստը, ինչպես որ նախկինում բազմիցս արվել է։ Սակայն ուշագրավ է, որ անգամ բարձրացված աղմուկից հետո էլ բնապահպանության նախարարության արձագանքը, մեղմ ասած, ուշացած էր եւ ոչ համարժեք։ Վթարի հաջորդ օրը, ի պատասխան բնապահպանն երի ահազանգի, նախարարությունից ասել էին, որ բնապահպանական տեսչությունը կարող է ստուգումներ սկսել միայն նախարար Արամ Հարությունյանի հրահանգով։ Իսկ քանի որ Հարությունյանն էլ այդ եւ հաջորդ օրը աշխատավայրում չէր եղել, տեսչության աշխատակիցներն էլ չէին արձագանքել։ Նորմալ երկրում միայն մեկ նման սկանդալի համար ոչ միայն կազատեին նախարարին, այլեւ դեռ պետությանը հասցված վնասի համար քրեական պատասխանատվության կենթարկեին։ Սակայն մեզ մոտ արդեն իսկ բավականին մեծ «ճոխություն» է, որ նախարարությունը դեպքից 8 օր անց՝ երեկ, բարեհաճել է պաշտոնապես արձագանքել եւ տեղեկացնել. «Ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման եւ լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար՝ վերականգնելով աշխատանքային ռիթմը»։ Եվ բնականաբար՝ ոչ մի խոսք այն մասին, թե ով պետք է վերականգնի բնությանն ու կապանցիների առողջությանը հասցված վնասը, որի իրական չափերի մասին դժվար է անգամ պատկերացնել, քանի որ ինչպես արդեն նշվեց, դա առաջին դեպքը չէ, երբ թունավոր նյութերով հագեցած ապարախյուսը թափվում է շրջակա միջավայր։ Ի դեպ, այդ իրողությունը մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ ՋՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը՝ նշելով, որ այդ վթարը «ստից բան է, դա նման է նրան, որ գնաս տուն, տեսնես՝ երեխադ լաց է լինում, ձենը կտրես։ Որ ամեն նման դեպքում աղմուկ բարձրացվի՜…»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031