Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետեկամուտների կոմիտեն այս տեռորը շարունակելու է»

Օգոստոս 29,2012 10:53

Տնտեսվարողները ահազանգում են, որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ հարկային մարմիններն իսկական տեռոր են սկսել իրենց դեմ։ Նախկինում՝ ամեն ամսվա 20-ից հետո, երբ տնտեսվարողներն իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնում էին հարկային մարմնին, վերջինս եւս մի 10 օր տալիս էր առաջացած հարկային պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու համար։ Այս ամիս, սակայն, տնտեսվարողներին ժամանակ չի տրվել, եւ անմիջապես հարկայինը արգելանք է դրել բոլորի հաշիվների եւ գույքի վրա, ովքեր ամսվա առաջին 20 օրվա ընթացքում հարկային բոլոր վճարումները չեն հասցրել անել, նաեւ տուգանել է հարկային վճարումները ուշացնելու համար։ Այս երեւույթը համատարած բնույթ է կրում։ Բացի դրանից, հարկայինի աշխատակիցները «բարի խորհուրդ» են տալիս տնտեսվարողներին՝ 15-25 տոկոսով մեծացնել իրենց կողմից վճարվող հարկերի ծավալները, հակառակ դեպքում՝ սպառնում են ստուգումներ սկսել։ Սա, ինչ խոսք, պայմանավորված է բյուջեի հավաքագրման շուրջ ծագած խնդիրներով։ Գումարները չեն բավարարում, եւ ինչպես արդեն նշել ենք՝ նույնիսկ կառավարության որոշումներով արդեն ծախսեր են կատարվում հաջորդ տարվա բյուջեի հաշվին՝ «նիսյայով»։ Բացի այդ, երկրորդ կիսամյակում բյուջեով նախատեսված է զգալիորեն ավելի շատ հարկեր հավաքել, իսկ տնտեսության վիճակն այնպիսին է, որ կանխատեսված մակարդակով հարկահավաքության հեռանկարները, մեղմ ասած, այնքան էլ խոստումնալից չեն։

Հարկային տեռորով, իհարկե, կարելի է ինչ-որ կարճ ժամանակահատվածում ցուցանիշներ ապահովել, բայց դրա հետեւանքով տնտեսությունը պարզապես հյութաքամ կլինի։ Կարելի է, իհարկե, բյուջեով նախատեսված հարկերի ողջ ծավալը առանց մեծ դժվարության կատարել՝ տնտեսության ստվերային հատվածը կրճատելու հաշվին։ Բայց դրա արդյունքում կշոշափվեն մեր օլիգարխների շահերը, քանի որ տնտեսության ստվերային հատվածը վերահսկում են հենց նրանք։ Միաժամանակ, հենց նրանք են իշխանության հիմնական հենարանը եւ իրականում հենց նրանք են իրենց փողերով ու բանդաներով ձեւավորում իշխանություն։ Ուստի հուսալ, որ հարկերի հավաքագրման հիմնական բեռը կդրվի տնտեսության ստվերային հատվածի վրա, մանավանդ՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երեւի թե միամտություն է։ Այնպես որ, շարքային տնտեսվարողները պետք է պատրաստ լինեն, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետեկամուտների կոմիտեն այս տեռորը շարունակելու է:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031