Լրահոս
Օրվա լրահոսը

Շները Հանրապետության հրապարակում հարձակվել են տարեց կնոջ վրա

Օգոստոս 29,2012 10:39

Երեկ առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում շները հարձակվել են անցորդների վրա։ Hraparak.am-ի հետ զրույցում տարեց կինը՝ Մ. Փայտյանն ասաց, որ մոտ 6 շուն պառկած են եղել գազոնների մեջ, երբ ինքը ՀՀ արտգործնախարարության մոտից փողոցն անցնելիս է եղել դեպի շատրվաններ, փողոցային շներից մեկը հարձակվել է իր վրա, պատռել շորը, բարեբախտաբար, չի հասցրել կծել։ «Ես գոռում էի՝ պաշոլ, պաշոլ, սակայն՝ անօգուտ»։ Նույն պահին երթուղային տաքսուց իջել է մի աղջիկ, եւ մյուս շները հարձակվել են նրա վրա։ Ըստ տիկին Փայտյանի, երթուղայինից ոչ ոք օգնության չի հասել, իսկ աղջիկը, պայուսակով պաշտպանվելով ու շների հարձակումը հետ մղելով, արագ վազել է փողոցով վեր։ «Քաղաքում, նաեւ հրապարակում սիրուն, բազմագույն ծաղիկներ են տնկել, որոնց մեջ շներն են պառկում ու մարդկանց վրա հարձակվում, հետո՞… հասա աշխատավայր ու զանգեցի քաղաքապետարանի թեժ գիծ՝ պատասխանող չեղավ»,- սրտնեղում էր տիկին Փայտյանը։

Ի դեպ, բացարձակապես նույն վիճակն է Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում՝ «Մալիբու» սրճարանի ետեւի այգում, որտեղ հսկայական թափառող շների ահից մարդիկ երեկոյան ժամերին փողոց դուրս չեն գալիս։

Իսկ մեզ քաղաքապետարանից ասացին. «Երեւան քաղաքում թափառող շների դեմ պայքարն իրականացնում է այդ նպատակով հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթած «Յունիգրաֆ- Իքս» ՍՊ ընկերությունը։ Ընկերության կողմից թափառող շների ամլացումը (ստերիլիզացիան) կատարվում է պարբերաբար։ Անտուն շների քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։ Երեւան քաղաքում թափառող կենդանիների համար կառուցված տիպային կացարաններ, որտեղ իրականացվի դրանց պահպանությունը, չկան։ Երեւան քաղաքում փոքր կացարան ունի «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների, պահվում եւ խնամվում են 200-250 շուն։ Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ անտուն շներից բնակչության անվտանգությունը եւ հանգիստն ապահովելու ուղղությամբ։ Սակայն Երեւան քաղաքին հարակից մարզերում չեն իրականացվում ծրագրված թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ, ուստի այնտեղից մշտապես Երեւան քաղաք են թափանցում մեծ քանակությամբ շներ եւ բազմանում են»։

Հ.Գ – Ի՞նչ հասկացաք այս պատասխանից։ Որ կան մի քանի կազմակերպություններ, բայց չկա իրական պատասխանատու։ Որ Երեւան քաղաքն անտեր է, եւ որտեղից ինչ թափառող կենդանի ասես կարող է գալ եւ հենց մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց կյանքին սպառնալ։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031