Մրգերի և բանջար-բոստանային մշակաբույսերի արտադրության առումով այս տարին բարենպաստ էր, սակայն այլ է վիճակը հացահատիկի և անասնակերի առումով: Չնայած գյուղացիները վաղուց արդեն հնձել, հավաքել, տեղափոխել և պահեստավորել են իրենց համայնքներին պատկանող հողային տարածքների խոտը, սակայն երկրում առկա է անասնակերի մեծ դեֆիցիտ` այն չի բավականացնում: Գյուղացիները ստիպված համապատասխան գյուղտեխնիկան տեղափոխել են լեռնային և նախալեռնային տարածքներ և դժվարությամբ հնձում, հավաքում և տեղափոխում են նաև տեղի խոտհարքների և արոտավայրերի խոտը, որոշ գյուղացիներ էլ` փորձում են խոտ հավաքել անտառային տարածքներից: Սակայն ոչ բոլոր գյուղացիներն են ի վիճակի օգտվելու արոտավայրերից, խոտհարքներից կամ անտառից:
Խոտի սակավության պատճառով թանկացել է խոտի գինը` 1 հակը վաճառվում է 1200-ից 1600 դրամով: Հիշեցնեմ, որ 1 կովը օրական ուտում է միջինը 1 հակ խոտ: Գյուղացիները խուճապի մեջ են, և վախենալով խոտի պակասությունից, սկսել են մորթել կամ վաճառել իրենց անասունները: Օրինակ, եթե նախկինում 1 հորթը վաճառվում էր մոտ 150 հազար դրամով, հիմա այն կարելի է գնել մոտ 100 հազարով: Մտավախություն կա, որ առաջիկայում կարող է սկսվել անասնագլխաքանակի անկում` զանգվածային մորթի պատճառով: Չի բացառվում, որ մինչև տարվա վերջը անասնագլխաքանակը նվազի կիսով չափ:
Գյուղնախարարը հուսադրում է, որ անասնակերի պրոբլեմ չենք ունենա, քանի որ պայմանավորվածություն կա Արցախից այն ներկրելու վերաբերյալ: Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում` ինչպե±ս, ե±րբ, ի±նչ գնով և այլն: Զերծ մնալով երևակայական այս տարբերակը քննության առնելուց, գյուղնախարարին ուզում եմ պարզապես հարցնել` Դուք տեղյա±կ եք, որ վերջին ժամանակներս պարսկական փակ բեռնատարներով խոտ է արտահանվում Իրանի Իսլամական Հանրապետություն: Գյուղերից տեղեկություն կա, որ պարսիկներին հակը վաճառվում է ավելի բարձր գներով` 1800 –ից 2000 դրամ: Ճիշտ է, վաճառքի գինը շահավետ է խոտ ունեցող գյուղացու համար, սակայն կարծում եմ, որերբ երկրի ներսում կա անասնակերի դեֆիցիտ, կառավարությունը պետք է արգելափակի անասնակերի արտահանումը:
Մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե սկսվի զանգվածային մորթ` եկող տարի մսի գինը կտրուկ կբարձրանա, կաթը և կաթնեղենը նույնպես կթանկանան: Վիճակից կօգտվեն որոշ օլիգարխ գործարարներ և կսկսեն ՀՀ ներկրել էժան և անորակ գոմեշի միս կվաճառեն մեր աղքատ բնակչությանը, ինչպես ամերիկյան անորակ հավի բդերը:
Կարդացեք նաև
Հարգելի պարոններ, քանի դեռ ուշ չէ, արգելափակե′ք անասնակերի արտահանումը ՀՀ –ից, այլապես “հառաջադիմություն պոռալով” ևս մեկ խոշոր քայլ կկատարեք դեպի մեր գյուղատնտեսության անկումը:
Սարգիս Սեդրակյան
“Ֆերմերային շարժում” ՀԿ նախագահ