Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատված Մուշեղ Օհանյանը կցանկանար ՏԻՄ ընտրությունները ավարտին հասցնել

Օգոստոս 29,2012 10:17

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանության Մեծամորի բաժնի պետն էր, կցանկանար ՏԻՄ ընտրությունները ավարտին հասցնել, նոր հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախօրեին ազատված Մուշեղ Օհանյանը:

«Բայց ոչինչ իմ իրավահաջորդները կշարունակեն: Հիմքը այնքան լավ է դրված, որ իրենք կարող են շարունակել»,- ավելացրեց Մուշեղ Օհանյանը:

Նրա խոսքով, ինքը 4 տարի հանգստի չի գնացել, հետեւաբար պատրաստվում է հանգստանալ, հետո որոշել, թե առաջիկայում ինչով զբաղվի: «34 տարի անընդմեջ աշխատել եմ եւ ոչ մի օր, ոչ մի ժամ չեմ հանգստացել: Հլը մի հատ առողջությունս վերականգնեմ: Ես առողջություն եմ քայքայել, ամենադժվարին պոստերում եմ աշխատել սկզբնական տարիներին»,- ավելացրեց Մուշեղ Օհանյանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ հանգիստը Հայաստանում է  անցկացնելու: «Հայաստանը իմն ա, ես` Հայաստանինը»,- նկատեց Մուշեղ Օհանյանը:

Ի դեպ, Մուշեղ Օհանյանը հաստատեց, որ Մարգար Օհանյանը ներման դիմում է գրել, որի պատասխանը դեռ չեն ստացել, սակայն հավատացրեց, որ իր հրաժարականը այդ գործընթացի հետ, որեւէ կապ չունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը: Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետն էր:Նա թոշակի անցնելու պատճառով  ազատման  դիմում է գրել: Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանության պետ նշանակվելուց հետո Մուշեղ Օհանյանը Նոր Նորքի բաժնից տեղափոխվեց Մեծամոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել