Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես վկա կհարցաքննվեն զորամասի հրամանատարը, 3 զինվորներ եւ դատական բժիշկը

Օգոստոս 28,2012 21:53

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 28-ի նիստում, օրվա երկրորդ կեսին դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց մերժել վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկելու վերաբերյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի միջնորդությունը:

Այնուհետեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հրապարակեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից մայիս ամսին դատարան ուղարկած տեղեկանքն այն մասին, որ գործով վկա, Գայ գյուղի բնակիչ Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ այդ պատճառով չի կարող դատարան ներկայանալ: Ռուբեն Մարտիրոսյանը դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Աբրահամյանին եւ նրանից գրություն ստացել, որտեղ նշված է,որ տվյալ ժամանակահատվածում Արման Մնացականյանը չի հատել ՀՀ սահմանային անցակետերը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանին միջնորդեցին այդ գրություններն ուղարկել հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննությամբ պարզվի, թե ի՞նչ նպատակով է Վաղարշապետի ոստիկանապետ, գնդապետ Խաչատրյանը դատարանին կեղծ տեղեկություններ տրամադրել:

Այդ միջնորդության դեմ առարկելով՝ մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ գեներալ Աբրահամյանի տված տեղեկանքում նշված են Հայաստանի հարավային, հյուսիսային եւ արեւմտյան սահմանները, իսկ արեւելյան սահմանի մասին նշումը բացակայում է, բացի այդ միջնորդությունը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի: Դատարանը այս միջնորդությունը եւս մերժեց:

Դատարանում ցուցմունք տված վկա զինվորները հայտնել էին, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո իրենք տեւական ժամանակ ռազմական ոստիկանությունում կալանքի տակ են գտնվել: Վերջերս դատարան փաստաթուղթ էր ներկայացվել, որ Արտակ Նազարյանի ղեկավարած հենակետի 10 զինվորները Արտակի մահից հետո զորամասի հրամանատարի կողմից կարգապահական տույժի են ենթարկել եւ այդ պատճառով են գտնվել կարգապահական մեկուսարանում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մոտ այդ տույժի իսկությունը լուրջ կասկած է առաջացրել, որ դրանով մեղադրող կողմը փորձում է արդարացնել զինվորների ապօրինի ազատազրկումը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում հայտարարեց,որ եթե վկա զինվորները կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, ինչու նրանք դատարանում այդ մասին չհայտարարեցին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին զինվորներին կարգապահական պատասխանատվության հիմքերը,հանգամանքները պարզելու համար որպես վկա հարցաքննել այդ զորամասի նախկին հրամանատարին, ինչպես նաեւ զորամասից եւ ռազմական ոստիկանությունից պահանջել զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված փաստաթղթեր: Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարեց միջնորդությունը, եւ առաջիկայում որպես վկա կհարցաքննվի Մեհրաբի զորամասի նախկին հրամանատար Ղազարյանը: Դատարանը որոշեց նաեւ զորամասի շարային բաժնից պահանջել եւ հրապարակել տվյալ զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հրամանները, նաեւ որոշեց ռազմական ոստիկանությունից պահանջել 2010թ. հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 20-ը ռազմական ոստիկանության մեկուսարանում տույժ կրած զինվորների ցանկը:

Ամբաստանյալ Վահանգն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը միջնորդեց հրապարակել քննիչների իրականացրած գաղտնի վարույթի նյութերը: Դատարանը բավարարելով միջնորդությունը, որոշեց դրանք հրապարակել հետագայում, դռնփակ նիստում:

Դատարանը բավարարեց նաեւ մեղադրող կողմի՝ Հարություն Հարությունյանի եւ Հայկ Հարոյանի միջնորդությունը, որպեսզի դատակոչվի եւ որպես վկա հարցաքննվի դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Միջնորդության հիմք էր ծառայել այն , որ դատական բժշկի կողմից քննիչին ուղարկված 19 լուսանկարներից 3-ը քրեական գործի նյութերից բացակայում են:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը դատարանին միջնորդեցին Արտակ Նազարյանի ղեկավարած հենակետում ծառայած, սակայն չդատակոչված զինվորներ Համլետ Աղամիրյանին, Սմբատ Սարգսյանին եւ Հայկ Ասատրյանին որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031