Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Հորդանան փախուստի դիմող սիրիացիների թիվը վերջին մի քանի օրվա ընթացքում կրկնապատկվել է, և միայն անցյալ շաբաթ Հորդանան փախուստի է դիմել 10200 մարդ: Փախստականներից շատերի համաձայն, Սիրիայի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում երկրից հեռանալ ցանկացող մարդկանց համար:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մելիսա Ֆլեմինգի համաձայն, Հորդանանի հյուսիսում գտնվող Զաաթարի փախստականների ճամբար են ժամանում հիմնականում հարավային Դերաա շրջանի բնակիչները: Նրա համաձայն, փախստականները հայտնել են «սահմանն անցնելու փորձեր կատարելու ընթացքում ռմբակոծության ենթարկվելու մասին»:
Ֆլեմինգը հայտնել է նաև, որ Զաաթարի ճամբարը հուլիսի 30-ին բացելուց ի վեր այնտեղ Սիրիայից ժամանել է ավելի քան 22 հազար մարդ:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի այլ ներկայացուցիչներ հայտնել են նաև, որ Սիրիայում հակամարտությունը խորանալու դեպքում Թուրքիա կարող է փախուստի դիմել մոտ 200 հազար սիրիացի: Նրանց համաձայն, Թուրքիայում այժմ գրանցվել է սիրիացի ավելի քան 74 հազար փախստական, և այդ երկրում, ի լրումն փախստականների արդեն գոյություն ունեցող ինը ճամբարի, կառուցվում է փախստականների ևս հինգ ճամբար:
Կարդացեք նաև
Այս ընթացքում Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռները Դամասկոսում և քաղաքի արվարձաններում հազարավոր թռուցիկներ են տարածել՝ հորդորելով ապստամբներին վայր դնել զենքը:
Որոշ թռուցիկներում, ըստ հաղորդագրությունների, գրված է. «Սիրիայի բանակը նախատեսում է մաքրման ենթարկել ամբողջ Սիրիան, և դուք ունեք երկու ընտրություն՝ վայր դնել զենքը կամ անխուսափելիորեն սպանված լինել»: