Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ լարվածությունը գնալով ավելի է մեծանում: Մարզկենտրոնում լուրեր են սկսել շրջանառվել, թե Կապանի գործող քաղաքապետը համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ իբրեւ ընտրակաշառք խոստացել է 10 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը:
Փորձեցինք Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից ճշտել, թո որքանով Է հավաստի այս տեղեկությունը եւ պարզաբանում ստանալ հարցի վերաբերյալ: «Առավոտ»-ի հետ ունեցած զրույցում պարոն Աթայանը նշեց, որ տեղեկատվություն տարածողները խեղաթյուրել են իրականությունը եւ աղավաղված ձեւով ներկայացրել հանրությանը: Իրականում, ամեն տարի Կապանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների աշխատավարձերը վերանայվում են եւ որոշ հիմնարկություններում հնարավորության սահմաններում բարձրացվում: «Խոսքը վերաբերում էր նրան, որ 2013թ.-ից ռեալ հաշվարկներով հնարավոր է լինելու 10-հազարական դրամի սահմաններում ավելացնել միայն մանկապարտեզների եւ երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերն, ու ընդհանրապես խոսք չի գնացել այն մասին, որ ինձ ընտրելու դեպքում ես կբարձրացնեմ նրանց աշխատավարձերը: Փաստերն աղավաղելն ու ընտրակաշառքի վերագրելը մյուս թիմի վարած հակակարոզչությունն է ընդամենը: Ես նախապես հայտարարել էի, որ արդար մրցապայքար եմ իրականացնելու», -ասաց պարոն Աթայանը:
Նա մրցակցի թիմի կողմից իրականացվող հակաքարոզչությանը վերագրեց նաեւ Արցախյան պատերազմի իր մասնակցության փաստը կասկածի տակ դնելու լուրերը: «Սա ուղղակի ամոթալի է: Իմ մարտական ըներներին կարող եք հարցել, մոտեցեք եւ հարցրեք, թող իրենք ասեն ձեզ այդ մասին, ներկայացնեն, թե ես որտեղ եմ կռվել պատերազմի տարիներին ու ինչ պայմաններում: Ամոթ է նման փաստը շահարկել», -հավելեց Կապանի քաղաքապետը:
Կապանի քաղաքապետից փորձեցինք նաեւ ճշտել, թե որքան է հավանական համարում իր վերընտրվելու հնարավորությունը, երբ մրցակցի կողքին կանգնած են հայտնի ուժեր: «Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս եւ պարզից էլ պարզ երեւում է, որ կապանցիների գերակշիռ մասն ինձ է ցանկանում որպես քաղաքապետ տեսնել ու դա բոլորը գիտեն: Չեմ կասկածում իմ հաղթանակի վրա, միանշանակ հաղթելու եմ, որովհետեւ ժողովուրդն է դա ուզում, քաղաքն է դա պահանջում»,- ասաց Արտուր Աթայանը, որը սեպտեմբերի 3-ից, նախապես պլանավորված գրաֆիկի համաձայն, շրջելու է մարզկենտրոնի բոլոր թաղամասերով, հանդիպելու Կապանի բնակիչների հետ, իսկ այժմ հանդիպումներ է ունենում տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկ ձեռնարկությունների կոլեկտիվների հետ, որից հետո կանցնի բնակիչների հետ հանդիպումներին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ