Ինչպես տեղեկացրել ենք, ուրբաթ օրվանից նախընտրական Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է. անընդմեջ պատմություններ են շրջանառվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի գլխավորած ռազբորկաների մասին: Վերջինս իր թիմակիցների հետ ապստամբում է քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ` մեկ նրանց ահաբեկելով, մեկ էլ թեկնածու հետ հանդիպման գնացած կայարանի թաղի բնակիչների վրա կռիվ գնալով: Բանը հասել է նրան, որ ուրբաթ օրը ժամը 23.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու ամենակենտրոնում`Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց:
Շիրակի մարզ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու օգտագործելու, խուլիգանություն կատարելու հոդվածներով: Ընդհուպ մինչև կրակոցների մասնակիցներից մեկն արդեն ձերբակալվել է: Այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Շիրակի մարզի քննիչ Արտյոմ Օվսյանը: «2012 թվականի օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժին ստացվել է ոստիկանության Գյումրու բաժնից գրություն, համաձայն որի 2012 թվականի օգոստոսի 24-ին, Գյումրու Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղատան մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել խուլիգանություն. մի խումբ տղաներ կռվել, վիճաբանել, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Գրության հիման վրա անմիջապես հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդված 4-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի վայրի զննություն, միջոցառումներ են կազմակերպվել խուլիգանությունը կատարած անձանց շրջանակը պարզելու: Պարզվել է որոշ անձանց ինքնությունը, կատարվել են բնակարանային խուզարկություններ, միջոցառումները շարունակվում են խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու հետ կապված», -տեղեկացրեց Արտյոմ Օվսյանը:
Քննիչը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ կա մեկ ձերբակալված:
Իսկ ի՞նչ կապ կա Երկաթգծի թաղամասում Սամվել Բալասանյանի թիմակից , ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած ռազբորկայի և «Հրաշքների աշխարհ» խաղասրահի դիմաց հնչած կրակոցների միջև, մի՞թե սրանք միմյանց տրամաբանական շարունակությունն են, այս կապակցությամբ քննիչն ասաց. «Էս պահին տեղեկություններ չկան կոնկրետ Երկաթծի Նորավան թաղամասում վիճաբանություն լինելու վերաբերյալ: Ընդամենը կան հիմնավորված կասկածներ Գյումրու Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Պարոն Օվսյանը նաև հավելեց, որ մի շարք խուզարկություններ են կատարվել հանցագործության զենքը հայտնաբերելու ուղղությամբ, որի համար էլ կատարվել են մի շարք բնակարանային խուզարկություններ:
Նշենք, որ այսօր Շիրակի մարզի քննչական բաժին կատարած մեր այցի ժամանակ ակամայից հանդիպեցինք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներին, ովքեր մեզ տեսնելուն պես ծածկեցին քաղաքապետի որդուն` Սպարտակին պատկանող մեքենան, որը փաստացի առգրավված է ոստիկանության կողմից: Այնպես որ որքան էլ Գյումրու քաղաքապետարանից հերքեն քաղաքապետի որդու մասնակցությունն այս միջադեպին, նրա` քննչական բաժնի բակում գտնվող մեքենան խոսուն ապացույցն է այս փաստի:
Նշենք, որ Սպարտակը իր թիմակիցների հետ հանրապետությունից փախել է , փախած է նաև Սամվել Բալասանյանին սատարող ավագանու նորվանացի թեկնածուն` Էդգար Մկրտչյանը:
Ի դեպ, այս միջադեպին խիստ քննադատական գնահատական են տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Մեր հարցազրույցը նրանց հետ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության