Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր Գեղարքունիքի մարզի Մշակույթի տանը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի կողմից ներկայացվեց 2011-2012թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ պարբերաբար տեղի ունեցող կրթական բարեփոխումների պայմաններում դժվար է լինել կրթության ոլորտի աշխատող. «Քաղաքացիներից յուրաքանչյուրն իր ուրույն պատկերացումներն ունի կրթության ոլորտի վերաբերյալ եւ կարծում է, թե հասկանում է ավելին, քան ոլորտի ներկայացուցիչները: Սա դժվարացնում է գործը, սակայն 2009թ.-ից ի վեր մեզ հաջողվել է ապահովել կրթական համակարգի անխափան աշխատանքը: Բարեփոխումները եւ փոփոխությունները չեն դադարելու: Ակնկալում ենք, որ կրթական համակարգում աշխատում են իրապես նվիրյալ եւ իրենց գործի հաջողությանը հավատացող մարդիկ»:
Նախարարը փաստեց, որ Հայաստանում առկա է մանկավարժական կադրերի գերարտադրություն, ինչը մրցակցություն է ենթադրում մանկավարժական յուրաքանչյուր պաշտոնի համար. «Աշխատաշուկայից լավագույն մասնագետներին ընտրելու սահմանափակումներ չունենք, հետեւաբար՝ ոչ մի տնօրեն եւ մանկավարժ պարտավոր չէ աշխատել համակարգում, եթե չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին եւ չի հավատում իր գործի հաջողությանը»:
Խոսելով 12-ամյա կրթակարգից՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ համակարգն ամբողջությամբ կայացած չէ. «Առկա են բովանդակային խնդիրներ՝ կապված դասագրքերի, ծրագրերի եւ ուսուցիչների վերապատրաստման հետ: Մյուս կողմից՝ անհամբեր հասարակությունը չի ողջունում 12-ամյա կրթակարգը եւ շատ է ցանկանում, որ երեխաները տարի առաջ ավարտեն դպրոցը: Հիշեցնեմ, որ Հայաստանը չէ, որ բանաձեւում է հանրակրթության ոլորտում միջազգային ստանդարտները: Եթե ցանկանում ենք, որ մեր երեխաները ստանան միջազգայնորեն ճանաչելի կրթություն, չպետք է տրտնջանք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալուց»:
Կարդացեք նաև
Ընդգծելով դպրոցներում որակի եւ օրինականության պահպանման խնդիրները՝ ԿԳ նախարարը նշեց, որ դպրոցներն այն վայրերը չեն, որի աշխատակիցները կարող են գործել իրենց ցանկությունների համաձայն. «Տնօրենների շրջանում անցկացված քննությունները ցույց տվեցին, որ կարող ենք ազատվել այն տնօրեններից, ովքեր չեն կարող հանձնել տարրական գիտելիքներ պահանջող քննություններ: Հանրապետության մասշտաբով շուրջ 200 տնօրեն կտրվել էր քննություններից»:
Նախարարի խոսքով՝ կրթական համակարգը կրում է սոցիալական բեռ, սակայն ոլորտն աշխատանքի տեղավորման համակարգ չէ. «Աշխատակիցները՝ նախարարից մինչ ուսուցիչ, պետք է լծվեն գործի՝ վերջնարդյունք ստանալու համար: Մեր գործի իմաստը մարդկանց աշխատանքի տեղավորելը չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ