Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Վեզիրյանի ու նրա հարեւանի վեճը հասել է դատարան

Օգոստոս 28,2012 17:35

Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն էր: Քրեական գործը հարուցվել է ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով: Ինչպես դատարանում պատմում էր շտաբի ներկայացուցիչ, գործով վկա Դավիթ Գասպարյանը, վեճը սկսել է այն բանից հետո, երբ ինքը քարոզչանյութը դրել է Ս.Սարգսյան փողոցի 126/1 տան բնակիչ Տիգրան Մանուկյանի տան դռան դիմաց, ում հետ, ինչպես պնդում էր Մանուկյանը, հարեւաններ են: Մանուկյանը դուրս է եկել պարզաբանում պահանջել, ինչից հետո միջամտել է տարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Ա. Վեզիրյանը: Ըստ Գասպարյանի, վեճը սկսել է Մանուկյանը. նախ հայհոյել է Վեզիրյանին ու վերջինիս պատասխան հայհոյանքից հետո բռունցքներով հարձակվել նրա վրա, վնասվածքներ հասցրել Վեզիրյանի այտին: Նրա պատմելով, Վեզիրյանն իրեն հանգիստ է պահել, միայն բռնել էր հարվածողի դաստակներն ու ինքնապաշտպանվում էր:

Մյուս վկայի՝ Մանուկյանի հորեղբոր կնոջ՝ Սեդա Մանուկյանի պատմելով էլ, Վեզիրյանը չի ունեցել բեյջ ու պատշաճ չի ներկայացել: Ի դեպ, շտաբի ներկայացուցիչ Դ. Գասպարյանն էլ իր վկայության ժամանակ դժվարացավ մտաբերել՝ Վեզիրյանը վեճի ժամանակ բեյջ ունեցե՞լ է, թե՞՝ ոչ: Ս. Մանուկյանի պատմելով, ինքը վեճին միջամտել է այն ժամանակ, երբ Վեզիրյանն արդեն բռունցքներով հարձակվել էր Մանուկյանի վրա: Ըստ նրա, Վեզիրյանը Մանուկյանի ճակատային վերին հատվածում վնասվածքներ էր առաջացրել: «Եղել էն առանց բեյջի, անշնորհք, ու շոու են սարքում, որ ցույց տան , թե գործ են անում, ֆինանսավորում են սպասում: Սա այն գործը չէ, որ 4 ամիս գնան-գան: Տունը իմն է, իմ սեփականությունն է ու իմ տան մեջ ոչ մեկն իրավունք չունի ինչ-որ բան գցել: Բուկլետ բաժանելը ձեռքին տալն է, իսկ եթե բերում են դնում տան դեմը, արդեն մարդուն արհամարհում են»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց Տ. Մանուկյանը:

Մանուկյանները նաեւ պատմում էին, որ բուկլետը տնից ներս գցելու պատճառով իրենց տանը գտնվող հղի կինը վախեցել է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ,Ա. Վեզիրյանը ձեռքով հարվածել է Տ.Մանուկյանին և ձախ ճակատային շրջանի քերծվածքների, արյունազեղման ձևով, վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, որն արտահայտվել է նաև Տ.Մանուկյանին ֆիզիկական ցավ պատճառելով:Բայց իրավիճակը փոխվել է, եւ Մանուկյանները իրավապաշտպանին են մեղադրանք առաջադրել ՔՕ-ի 118 հոդվածով՝ ծեծի հատկանիշներով:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 3-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031