Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի դպրոցները թողել է 488 աշակերտ

Օգոստոս 28,2012 17:08

Այսօր Գեղարքունիքի մարզի Մշակույթի տանը տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ գալիք ուսումնական տարում հաջողություններ ցանկանալով կրթական ոլորտի ներկայացուցիչներին. «ՀՀ իշխանությունների համար կրթությունն ամենակարեւոր ոլորտներից է, եւ այս խորհրդաժողովն ամփոփում է նախորդ ուսումնական տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները»:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից պատրաստած  «2011-2012թթ. ուսումնական տարվա ընթացքում կրթության ոլորտում կատարված աշխատանքների եւ 2012-2013թթ. ուստարվա խնդիրների մասին» հաշվետվությամբ հանդես եկավ վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա հայտնեց, որ 2011-2012թթ. ուսումնական տարում Գեղարքունիքի մարզում գործել է մարզային ենթակայության 87 միջնակարգ, 20 հիմնական, 2 տարրական եւ 1 հակուկ դպրոց, իսկ ԿԳՆ ենթակայության՝  1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց եւ մեկ արհեստագործական ուսումնարան: «Ավագ դպրոցների ստեղծման համակարգի ռազմավարական ծրագրի շրջանակում մեր առաջարկությամբ Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվեց ավագ դպրոցի: Համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների եւ համայնքների ղեկավարների իրավասու կազմակերպությունների հետ կատարված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններում: Մարզում չկան հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ»,-հավաստիացրեց Գարիկ Բադալյանը:

Նա փաստեց, որ որոշակի աշխատանք է կատարվել հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելու ուղղությամբ, մասնավորապես, շուրջ 350 երեխա ապահովվել է հագուստով եւ գրենական պիտույքներով:

Հաշվետվության համաձայն, 2011-2012թթ. ուսումնական տարում Գեղարքունիքի դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1585 դասարան՝ 30175 աշակերտով: Գարիկ Բադալյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակի ընթացքում Սեւանի արհեստագործական ուսումնարանը եւ Ծաղկունքի միջնակարգ դպրոցն անցել են ԿԳՆ ենթակայության տակ, իսկ  Բարեպատի հիմնական դպրոցը չի գործել՝ աշակերտների բավարար քանակություն չունենալու պատճառով: «Մարզի դպրոցներ են ընդունվել 316 աշակերտ, իսկ տեղափոխվել կամ դպրոցը թողել է 488 աշակերտ: Անհրաժեշտ պայմաններ են ապահովվել հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Գավառի համար մեկ հիմնական դպրոց ներառական կրթության շրջանակում հաճախում է 16 երեխա: Այս տարվանից 14 աշակերտի համար ներառական կրթություն է կազմակերպվել Ճամբարակի համար 1 միջնակարգ դպրոցում»,-ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է մարզի աշակերտների առաջադիմությանը, գերազանց առաջադիմություն է ունեցել 4929, հարվածային՝ 6361, եւ միջակ՝ 14.987 աշակերտ, իսկ 160 աշակերտ գրանցել է անբավարար գնահատական:

Հաշվետվության տվյալներով՝ 12-րդ դասարանների 2834 աշակերտից պետական ավարտական քննություններին մասնակցելու թույլտվություն է ստացել 2825-ը, որոնցից 2797-ը հաջողությամբ հանձնելով քննություններ, ստացել են միջնակարգ կրթության ատեստատներ: Մինչդեռ 12-րդ դասարանը տարբեր պատճառներով չի ավարտել 37 աշակերտ:

Գարիկ Բադալյանի խոսքով, դպրոցների կողմից ներկայացված վերոհիշյալ տվյալներն, այնուամենայնիվ, կասկածելի են. «Ինձ համար զարմանալի է այն հանգամանքը, որ ոչ լիարժեք մասնագետներով համալրված դպրոցների աշակերտների միջին առաջադիմությունն ավելի բարձր է, քան լիարժեք մասնագետներով համալրված դպրոցներինը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031