Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Շրջայցի շրջանակում քաղաքապետը Դավթաշենի բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:
Բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում Դավթաշենի Կաղնուտ թաղամասի այգու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ կառուցվել է նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտ, որն ունի երկրպագուների համար նախատեսված տրիբունաներ: Խաղադաշտի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա և մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ ունենան:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Քաղաքապետն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրերը լինելու են շարունակական.
Կարդացեք նաև
<<Բնակիչների հետ մշտական հանդիպումների և անմիջական շփումների ընթացքում լսելով ու կարևորելով նրանց առաջարկները մենք դրանք վերածում ենք աշխատանքային ծրագրերի, ինչի արդյունքում էլ Երևանն օրեցօր առավել հարմարավետ է դառնում բնակիչների համար: Մեր համաքաղաքացիներին վերադարձնելով իրենց բակային տարածքները մենք այսօր իրականություն ենք դարձնում հարմարավետ բակեր ունենալու բոլորիս երազանքը>>,-շեշտել է քաղաքապետը:
Հատկանշական է, որ Երևանի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինելու քաղաքապետի հորդորին օրըստօրե ավելի ու ավելի շատ բնակիչներ են միանում:
Դավթաշենի երրորդ թաղամասի նորաբաց այգին կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Նորակառույց բակային տարածքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:
<<Հիմնականում բակային տարածքներում մենք շեշտադրումը դնում ենք կանաչ տարածքների ընդլայնման վրա: Եվ մեր նպատակն է բարեկարգ, խնամված, ծաղկապատ սիզամարգերով ու ծառերով հագեցած բակեր ունենալ: Այս առումով Դավթաշեն վարչական շրջանը միշտ էլ առաջատարների թվում է եղել և այսօր այդ քայլերը շարունակվում են: >>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Դավթաշենի չորրորդ թաղամասի 22 շենքի նորաբաց բակում խաղացող բազմաթիվ ժպտադեմ փոքրիկների աշխուժությունն արդեն ապացուցում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Բնակիչների հետ անմիջական շփումների ժամանակ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հորդորել է պահպանել կատարված աշխատանքն ու լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն