Լուիզիանա նահագնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
«Այզեք» փոթորիկը, որը մոտենում է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքին, շատ շուտով կարող է վերածվել արևադարձային մրրիկի:
Սպասվում է, որ «Այզեք»-ը մրրիկի է վերածվելու երեքշաբթի օրվա ընթացքում: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Լուիզիանա նահանգում, որտեղ յոթ տարի առաջ աղետալի հարված էր հասցրել «Կատրինա» մրրիկը:
Փոթորիկն արդեն իսկ առաջացնում է ժամում 110 կիլոմետր արագությունը գերազանցող քամիներ: Կանխատեսումների համաձայն, այն կարող է մոտ 30, իսկ առանձին վայրերում՝ մինչև 50 սանտիմետր տեղումների պատճառը դառնալ:
Կարդացեք նաև
Նոր Օռլեանի քաղաքագլուխ Միթչ Լենդրուն կոչ է արել քաղաքի բնակիչներին նախապատրաստվել հոսանքազրկումների և ջրամատակարարման խաթարումների, որոնք կարող են տևել մի քանի օր: Քաղաքագլուխը նաև հորդորել է բնակիչներին անհապաղ հեռանալ քաղաքից՝ էվակուացման հրամանագիր արձակելու դեպքում:
2005 թվականին տեղի ունեցած «Կատրինա» փոթորկի ժամանակ, որը դարձել էր ավելի քան 1800 զոհի պատճառը և անօթևան է թողել մի քանի հազար մարդ, Նոր Օռլեանի բազմաթիվ բնակիչներ չեն լքել իրենց տները: Վաղը լրանում է այս տխուր իրադարձությունների յոթերորդ տարելիցը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»