Լիբանանահայ Ջո Գուրնյանն արդեն մեկ տարի է, ինչ կնոջ հետ ապրում է Հայաստանում եւ աշխատում է երեւանյան փաբերից մեկում՝ որպես մատուցող:
Բեյրութում ծնված եւ մեծացած 30-ամյա Ջոն, Լիբանանում թողնելով իր հարզատներին, դեռեւս 2006-ին ընկերների հետ, հույսերով ու նոր սպասումներով լի տեղափոխվում է Հայաստան եւ բախվում մի շարք խնդիրների:
«Ընկերներով 2 տարի ապրեցինք Հայաստանում: Բայց ամենասկզբից մեզ համար դժվար էր մարդկանց հետ շփումը: Մեզ ասում էին պարսիկ, կռիվներ էր շատ լինում: Կողքներով անցնելիս հայհոյում էին մեզ, ասում էին ինչ ե՞ք անում ստեղ: Չէին հանդուրժեր մեզ, քանի որ ասում էին հայրենիքը կորցրել եք, մենք հետ ենք բերել, մենք իսկական հայերն ենք, դուք օտարացել եք»,-պատմում է Ջոն:
Նա նշում է, որ ընկերներից շատերն այդ տարիներին հիասթափվեցին ու գնացին, իսկ ինքը, ծանոթանալով այստեղ իր ապագա կնոջ հետ, 2011-ին որոշեց կրկին վերադառնալ ապրելու եւ աշխատելու համար Հայաստանում:
«Հիմա մի քիչ փոխվել է, արդեն հայ ընկերներ ունեմ, որոնց շատ սիրում եմ: Դե սկզբից ամեն ինչ նոր էր ինձ համար, անգամ լեզուն՝ արեւելահայերենը, դժվար էր հասկանալ, խոսել, բայց ազգասիրական հասկացողությունն էր, որ ինձ պահեց էստեղ»,-ասում է լիբանանահայը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ