Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.

Օգոստոս 28,2012 16:17

Պարոն Ծառուկյան, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ժողովրդի մոտ առկա էին իրարամերժ տրամադրություններ` հուսահատությունից մինչև հպարտություն: Ի՞նչ օրեր եք ապրել Դուք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի արդյունքները այս օլիմպիադայում:

Գնահատելու համար պետք է համեմատենք նախորդ Օլիմպիադայի արդյունքների հետ. 2008-ի համեմատությամբ Հայաստանը բոլոր մասնակից պետությունների թիմային աղյուսակում 18 նիշով բարձրացել է վեր։ Պեկինում մեր հավաքականը նվաճել էր միայն բրոնզե մեդալներ և դարձել 78–րդը, իսկ այժմ, մեդալի գույնը փոխելով, արծաթե մեդալի շնորհիվ հայտնվել ենք 60–րդ հորիզոնականում։ Անշու՛շտ, սպասելիքները շատ ավելին էին, և մենք պետք է առնվազն երկու–երեք մեդալ ևս ստանայինք, բայց տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ։ Օլիմպիադայից առաջ ես, իհարկե, իմ առջև խնդիր էի դրել ոսկե մեդալ նվաճել: Այդ խնդիրն էի ես դրել մարզիկների և մարզիչների առջև: Այլ կերպ չէր կարող լինել. հնարավոր չէ գնալ օլիմպիադայի` ցածր նպատակներ դնելով: Ինչպես գիտեք, ոսկի չեղավ: Մեկ քայլ չհերիքեց: Ես որպես հայ մարդ, իհարկե, ափսոսանք ապրեցի դրա համար: Ինձ համար մեդալները միայն ցանկություն չէր: Ինձ համար դա առաջին հերթին ծանր աշխատանք էր, չորս տարվա նվիրում: Ես չեմ սպասել կամ գուշակել` մեդալներ կլինեն, թե ոչ, այլ ամեն ինչ արել եմ, որ այդ մեդալները լինեն: Այսօր ես հպարտություն ու կատարված աշխատանքից բավարարվածություն եմ զգում. երեք հայ մարզիկ կարողացավ մեդալ նվաճել: Երեք հայ մարզիկ մեր ժողովրդի մոտ հպարտության զգացում առաջացրեց: Ի դեպ, ես և մեր օլիմպիականները անհավանական քանակի շնորհավորանքներ են ստացել սփյուռքից: Իսկ դա նշանակում է, որ օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկների շնորհիվ հայ ժողովուրդը դարձել էր միասնական ու ավելի ուժեղ: Սա ինձ առանձին մտորելու առիթ է տալիս:

– Շատերի մոտ կարծիք կա, որ մեր թիմից սպասումները չափազանցված էին ի սկզբանե:

– Գիտեք, մեդալների համար պայքարը ամեն օլիմպիադայի հետ ավելի է սրվում, ավելի դժվար է դարձել մեդալ նվաճելը: Մրցակցությունը դառնում է ավելի սուր ու ավելի դաժան: Տնտեսապես հզոր պետությունները միլիարդավոր գումարներ են ներդնում իրենց երկրների մարզական ենթակառուցվածքների զարգացման համար, ու դա տալիս է տեսանելի արդյունք: Մեր բոլոր մեդալակիրները հերոսներ են: Այլ բառ ինձ համար դժվար է գտնել: Միայն լավ բառերի ու լավ գնահատականների են արժանի այն մարզիկները, ովքեր պայքարեցին, չխնայեցին իրենց: Գիտեին` ուր են գնացել, ինչի համար: Այլ հարց է, որ հաջողությունը որոշ դեպքերում երես թեքեց, կամ այս պահին նրանց հնարավորություններն այդքան էին: Ինձ համար կարևոր էր տեսնել կոնկրետ մարզիկի մեջ պայքարի ու մրցակցության ոգին: Կա՞ր այդ ոգին, թե՞ նա որպես տուրիստ էր եկել: Միևնույն ժամանակ, անկախ արդյունքներից, հաջողություններից կամ անհաջողությունից, ես թույլ չեմ տա, որ մեր մարզիկների հանդեպ չարություն կամ թերահավատություն սերմանվի: Ցավոք, նման միտումներ նկատվում են: Երբ մեր մարզիկները հաջողության են հասնում, մենք սկսում ենք նրանցով հպարտանալ, բայց երբ անհաջողություն է լինում, մենք միանգամից սկսում ենք նրանց փնովել: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ լինելու: Թույլ չեմ տալու մեր սպորտսմեններին կոտրել, հուսալքել: Սա սպորտ է, ու ամեն ինչ կարող է լինել:

Փափուկ բազկաթոռներին նստած, ավել-պակաս դատողություններ անողներին ես ուզում եմ միայն հարց տալ. գիտե՞ք ինչ է նշանակում այս փոքր Հայաստանից պայքարել մեդալների համար` Ամերիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Կորեայի և մյուս հզորագույն պետությունների հետ:

– Օլիմպիադայի հատկապես սկզբնամասում կար քննադատություն նաև անձամբ Ձեր հասցեին: Քննադատությունը երբեմն ուղղակի մեղադրանքերի երանգ էր ստանում: Դուք առայժմ չեք արձագանքել:

– Իհարկե, ես տեղյակ եմ, որ ուղղորդված քննադատություն է եղել նաև անձնապես իմ հասցեին` որպես օլիմպիական կոմիտեի նախագահի: Շատ չեմ խոսի այս թեմայով, բայց մի քանի բան անպայման ուզում եմ շեշտել.  առաջին. Օլիմպիական կոմիտեից ես ոչ մի շահ չունեմ, ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ նյութական օգուտի, ոչ ճանաչման: Օլիմպիական կոմիտեն ինձ համար լրացուցիչ ծանր աշխատանք է ու անձնական, սեփական միջոցների ներդրմամբ մեր մարզաշխարհին օգուտ տալու հնարավորություն: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել սա ասել, բայց պատվիրված, ուղղորդված քննադատությունը ինձ ստիպում է դա անել: Երկրորդ. այն մարդկանց, ովքեր այսօր նստած խորհուրդներ են տալիս ու քննադատում, ես ուզում են հարցնել. ու՞ր էիք 4 տարի շարունակ: Ձեզնից ո՞ր մեկը եկավ ասաց` պարոն Ծառուկյան, այս բանը այսպես անենք, ավելի լավ կլինի: Ո՞վ ասաց` պարոն Ծառուկյան, թողեք այս հարցն էլ ես լուծեմ: Չկա նման բան: Նրանք, ովքեր իրոք սրտացավ են, անցած 4 տարվա մեջ են եկել, նայել, քննարկել, կիսվել: Երրորդ. ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասել են մեր մարզիկների անհաջողություններին, իսկ ամեն մեդալից հետո անկեղծորեն տխրել են:

– «Սպորտը նաև քաղաքականություն է» ձևակերպումը օլիմպիադայի օրերին ակնառու էր դառնում: Կար միջպետական մրցակցություն, պայքար` երբեմն ոչ արդար խաղի կանոններով: Հայկական իրականության մեջ եղան մի շարք վերլուծություններ, որոնք փորձում էին մեր մարզիկների օլիմպիական արդյունքները տեղավորել ապագա քաղաքական զարգացումների հարթություն:

– Դուք ճիշտ եք նկատել: Եղան փորձեր` օլիմպիադայի արդյունքները քաղաքականացնելու և այլ հարթություն տեղափոխելու: Սա նույնպես պատվիրված և ուղղորդված ձեռագիր էր: Բայց նաև լավ առիթ է, որ ես մի երկու բառ ավելացնեմ: Հիշեք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի՞ տարի է` ես ասում եմ` երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Նաև հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային: Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում լինի, լճացում լինի, իսկ սպորտում` միայն փայլուն հաղթանակներ լինեն:Ավելի պարզ ասեմ, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում. նրանց մեջ թե՛ խոստումնալի սպորտսմեններ կան, թե՛ ապագայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Դրա՛ մասին է պետք մտածել: Ծնողը, որպեսզի կարողանա իր երեխային սպորտի տալ, հետևել նրա զարգացմանը, մարզական աճին, պետք է առաջին հերթին իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգա: Մարդիկ հացի խնդիր չեն կարողանում լուծել, հուսահատված են, երկրից հեռանալու մասին են մտածում: Ահա այս պայմաններում ենք մենք փորձում ապագա չեմպիոններ դաստիարակել: Եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ ավելի լավը: Բայց սա չի նշանակում, որ ես թերահավատ եմ ապագայի հանդեպ: Դա իմ ձեռագիրը չէ: Ես երբեք չեմ խուսափել ծանր աշխատանքից, չեմ ընտրել հեշտ ճանապարհները, չեմ զիջել դժվարություններին: Նաև այդ սկզբունքով եմ ես ընտրում իմ թիմերին` լինեն դրանք մարզական, թե քաղաքական:

– Մեր օլիմպիականների արդյունքները հաճախ համեմատում են հարևան կամ տարածաշրջանի պետությունների արդյունքների հետ: Ու համեմատությունը հաճախ մեր օգտին չէ:

– Ես չեմ խուսափում որևէ համեմատությունից: Եթե Հայաստանը ներկայացնող մարզիկը մրցում է և հաճախ հաղթում չինացուն, ամերիկացուն, ռուսին, թուրքին, ապա արդյունքները կարելի է քննարկել ցանկացած համեմատության մեջ: Ես ուզում եմ միայն հիշեցնել Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակչություն, Ադրբեջանը`9.2 մլն, Թուրքիան` 72. 5 մլն, Վրաստանը` 5.2 մլն, Իրանը` 78.8 մլն: Եվ այսպես, եկեք համեմատենք: 3 միլիոնանոց Հայաստանը Լոնդոնում ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան, ասենք, Հունաստանը, Պորտուգալիան և Բուլղարիան: Ես կառաջարկեմ համեմատել նաև այդ երկրների բյուջեները, սպորտին հատկացվող գումարները, օլիմպիական թիմերի նախապատրաստման պայմաններն ու հատկացված գումարները: 21-րդ դարում համաշխարհային մրցահարթակներում հաջողությունները, մեդալները երբեք չեն կարող պատահական լինել: Դրանք պետությունների հզորության և սպորտում կատարված ներդրման արդյունքն են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ունենք ահռելի պոտենցիալ: Ես բազմիցս կրկնել եմ` մեր ժողովուրդն աշխատասեր է ու ստեղծագործ: Բայց դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ: Հայ մարդուն տանք հնարավորություն, ստեղծենք պայմաններ, որ նա աշխատի, և նա արագ կհասնի հաջողության: Այդպես է տնտեսության մեջ, այդպես է նաև սպորտում: Չլինեն այդ պայմանները, մարդիկ գնալու են ուրիշ երկրներում հաջողություն արձանագրելու:

– Օլիմպիադայի արդյունքներից ելնելով` լինելո՞ւ են արդյոք պաշտոնանկություններ կամ հակառակը` խրախուսումներ:

– Օլիմպիադայի ավարտն աշխարհի վերջը չէ: Մոտ ապագայում սկսվելու են տարբեր մարզաձևերի` Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, այլ խոշոր մրցումներ: Մենք պետք է ձգտենք հաջող հանդես գալ դրանցից յուրաքանչյուրում: Կազմակերպչական աշխատանքները, մարզումները, պայմանների բարելավումը չեն կարող ոչ մի օր դադարել: Անպայման լինելու է արդյունքների վերլուծություն, հետևություններ, նոր քայլեր: Ուժեղ կողմերը պետք է պահել և ավելի ուժեղացնել, թույլ կողմերը` արձանագրել և գտնել լուծումներ: Չեն լինելու հապճեպ, ոտքի վրա կայացված որոշումներ: Խրախուսումներ, անշուշտ, լինելու են: Եթե մենք ուզում ենք առաջիկայում ունենալ լուրջ հաջողություններ, ապա պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր գործին: Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես անհատ, շարունակելու եմ իմ անձնական միջոցներից օժանդակել մարզաշխարհին: Սա ինձ համար սկզբունքային հարց է: Հաջորդ քայլով` ես հանձնարարել եմ «Ծառուկյան» հիմնադրամի տնօրինությանը` մշակել մանկապատանեկան սպորտի աջակցության ծրագիր: Քննարկել մասնագետների, մարզիչների, մարզական լրագրողների, ծնողների հետ և ճիշտ լուծումներ գտնել: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Եթե չանենք այսօր, ապա վաղը ուշ կլինի: Ես պատրաստ եմ աջակցելու: Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցությունը աշնանը 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բարձրացնելու է սպորտի, և հատկապես` մանկապատանեկան սպորտի ֆինանսավորման մեծացման խնդիրը: Մանկապատանեկան սպորտը բացի մարզականից, ունի նաև այլ կարևոր խնդիրներ` նոր սերնդի առողջ մեծացման ու դաստիարակման: Պետությունը պետք է օգնի մարզաշխարհին, որ հետո պահանջելու իրավունք ունենա:

 Zham.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031