Միջադեպերի կապակցությամբ քրեական որևէ մեղադրանք չի առաջադրվել
Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են Աֆղանստանում Ղուրանի այրման և սպանված թալիբների դիակների վրա միզելու մեջ ներառված զինծառայողներին կարգապահական պատժի ենթարկելու մասին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե վարչական տույժերի են ենթարկվել բանակի վեց և ծովային հետևակի՝ երեք զինծառայող:
Պատժի մանրամասները չեն բացահայտվում, սակայն միջադեպերի կապակցությամբ քրեական որևէ մեղադրանք չի առաջադրվել: Ըստ հաղորդագրությունների, վարչական պատիժը կարող էր ներառել պաշտոնի իջեցում կամ աշխատավարձի կրճատում:
Կարդացեք նաև
Այս տարվա սկզբին տեղի ունեցած միջադեպերից մեկի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում, ԱՄՆ-ի ծովային հետևակի զինծառայողները միզել են սպանված թալիբների դիակների վրա:
Մեկ այլ միջադեպի դեպքում «Բաղրամ» օդանավակայանում տեղակայված ՆԱՏՕ-ի զինծառայողները փորձել են այրման միջոցով ոչնչացնել Ղուրանի գրքերը: Այս միջադեպը զայրույթ էր առաջացրել Աֆղանստանում՝ դառնալով 30 զոհի պատճառը:
Ղուրանի այրման հետ կապված միջադեպի համար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»