Այսօր Aravot.am-ը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Սիսիանում ստեղծված լարվածությունը եւ ինչո՞ւ ՀՀԿ-ն Սիսիանում ոչ մի թեկնածու չառաջադրեց: Նա վստահեցրեց, որ ոչ մի լարվածություն էլ չկա: Մեր դիտարկմանը, որ լարվածությունը ստեղծվել է, քանի որ ՀՀԿ-ն որոշել է աջակցել ԲՀԿ թեկնածուին` գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին` Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ոչ մեկին էլ չի աջակցում, ոչ մեկը ոչ մեկի հետ չի խառնվում: Ստեղ ազատ ընտրություններ են, ով մրցակցություն ունի, նա էլ կհաղթի»:
Ինչ վերաբերում է լուրերին, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել իր հետ` այդ թեմայով եւ իր խնդրանքն է եղել, որ Սիսիանում ՀՀԿ-ական ոչ մի թեկնածու չառաջադրվի, որպեսզի հաղթի ԲՀԿ թեկնածուն` Սուրեն Խաչատրյանը վստահեցրեց, որ այս թեմայի շուրջ ինքը Հովիկ Աբրահամյանի հետ չի զրուցել, իրենք չեն հանդիպել. «Այդպիսի բան չկա, այստեղ ազատ մրցակցություն է, Հանրապետական կուսակցությունն էլ ում ցանկանա` նրան ձայնը կտա, խնդիր չեմ տեսնում»:
Մեր հարցին` Սիսիանում ՀՀԿ-ն հարմար թեկնածու չունե՞ր` մարզպետը պատասխանեց. «Ուներ, երեւի չցանկացան առաջադրվել»:
Սուրեն Խաչատրյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը շատ նորմալ է ընթանում, ոչ մի խնդիր չի առաջացել եւ լարվածություն էլ չկա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ