Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի. այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսում է քննել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի ներկայացրած բողոքը։
Սկզբում Եվրադատարանը հրապարակային քննարկում կանցկացնի լրագրողների ներկայությամբ, ապա աշխատանքը կշարունակի փակ դռների հետեւում, իսկ որոշումը սպասվում է ավելի ուշ։
Ստրասբուրգի դատարան Տիմոշենկոն դիմել է` բողոքելով, որ Ուկրաինայի իշխանությունները խախտել են իր իրավունքները, որ իր կալանավորումը անօրինական է եղել, քաղաքական դրդապատճառներով է տեղի ունեցել, որ իր նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորվել, իր պահման պայմանները համապատասխան չեն եղել, իրեն չի տրամադրվել պատշաճ բժշկական օգնություն, ինչպես նաեւ` որ 24-ժամյա հսկողության տակ է գտնվել Խարկովի հիվանդանոցում, խախտվել է անձնական եւ մասնավոր կյանքի իր իրավունքը։
Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, թե համոզված է, որ Բարձր դատարանը կբավարարի Տիմոշենկոյի բողոքը ողջ ծավալով, եւ որ ամենակարեւորն է՝ կճանաչի Տիմոշենկոյի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական դրդապատճառները։
Կարդացեք նաև
Տիմոշենկոյի պաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել 2011 թվականի օգոստոսին՝ նախկին վարչապետի կալանավորումից մ ի քանի օր անց։
Նախկին վարչապետին 7 տարով ազատազրկելու վճիռը բողոքարկվում է նաեւ Ուկրաինայի դատական ավելի բարձր ատյաններում, Վճռաբեկ դատարանը օգոստոսի 29-ին կորոշի` բեկանե՞լ, թե՞ ուժի մեջ թողնել Տիմոշենկոյի դատավճիռը։
Դատարանը Յուլիա Տիմոշենկոյին 2011 թվականի հոկտեմբերին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագրերը կնքելիս լիազորությունները անցնելու համար։
Տաթեւիկ Լազարյան
«Ազատություն» ռադիոկայան