Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածություն` Սիսիանում. ՀՀԿ վերնախավը ՀՀԿ-ական թեկնածուներին չի սատարել` օգնելով ԲՀԿ թեկնածուին

Օգոստոս 28,2012 15:40

Սիսիան քաղաքում ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին լուրջ լարվածություններ են առաջացել ՀՀԿ-ականների միջեւ: Սեպտեմբերի 9-ին այնտեղ սպասվում են քաղաքապետի ընտրությունները եւ առաջադրված 5 թեկնածուներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ: Սա էլ հենց դարձել է լարվածության պատճառը: Քաղաքապետի ընտրությունների համար պայքարում են գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, դաշնակցական Տիգրան Պողոսյանը եւ անկուսակցականներ Մհեր Ազոյանը, Գեւորգ Բագյանն ու Հրաչիկ Խաչատրյանը: ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե Սիսիանում քննարկվում էր Սամվել Թանգյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, նրան է ներկայացրել նաեւ Սիսիանի տեղական տարածքային կազմակերպությունը: Սակայն ՀՀԿ վերնախավն, այնուամենայնիվ, որոշել է Սիսիանում չունենալ թեկնածու եւ Գյումրիի օրինակով սատարել ԲՀԿ-ական թեկնածուին, այսինքն` գործող քաղաքապետին: Ըստ մեր տեղեկությունների, իրերի դասավորությունն այդպես է կազմակերպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այնպես է արել, որ ԲՀԿ թեկնածուն մրցակից չունենա` ներքին կարգով սատարելով խնամուն:

ՀՀԿ խորհրդի վերջին նիստի օրը, որտեղ որոշվում էր ՏԻՄ ընտրություններին թեկնածուների հարցը, Aravot.am-ի հարցին, թե որեւէ թեկնածուի ընտրության հարցում տարաձայնություններ չե՞ն եղել` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրել էր, որ ոչ, քանի որ առաջադրումները կատարել են տարածքային իրենց կառույցները եւ ովքեր ներկայացված են եղել` նրանց էլ սատարելու են:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀԿ վերնախավը չսատարեց ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Թանգյանին եւ ինչպե՞ս է բացատրում ներկայիս լարվածությունը Սիսիանում: Նրա խոսքերով` «Դա ընտրություններին յուրահատուկ պրոցեսներ են: Միշտ էլ ընտրություններում տարբեր խոսակցություններ կարող են լինել, ներքին քննարկումներ, կուլիսային քննարկումներ: Հիմնականում որեւէ այդպիսի լարվածություն, խնդիրներ չունենք այդ առումով»: Մենք ճշտեցինք` տեղական տարածքային կազմակերպությունը Սամվել Թանգյանի թեկնածությունն առաջարկել է, ինչո՞ւ ՀՀԿ վերնախավը չի ընդունել նրան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Սիսիանում իմիջիայլոց շատերի թեկնածությունն է քննարկվել, նաեւ` Թանգյանի: Դա տեղական կառույցի խնդիրն է, որ Սիսիանում ՀՀԿ-ական թեկնածու չկա: Հիմնական սկզբունքը սա է` ազգաբնակչության շրջանում որ թեկնածուն ավելի ընդունելի է, այդ թեկնածուի վրա էլ կանգնում ենք»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ Սիսիանում իսկապես սատարելու են ԲՀԿ-ի թեկնածուին` գործող քաղաքապետին:

Մենք ճշտեցինք` հնարավո՞ր է, որ այստեղ Հովիկ Աբրահամյանի «մատն է խառը», որովհետեւ ասում են` նա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպում է ունեցել ու փորձել ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ական պոտենցիալ մրցակից թեկնածուները շանս չունենան մասնակցելու` պարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք բոլորի հետ էլ հանդիպում ենք, Հովիկ Աբրահամյանը կոորդինացնում է ամբողջ ընտրական գործընթացները, հիմնականում որոշումները կայացնում են շրջանային ընտրատարածքային մեր կառույցները»:

Մեր հարցին` Հովիկ Աբրահամյանն այս դեպքում, ՀՀԿ ոչ մի թեկնածու չթողնելով Սիսիանում` ԲՀԿ-ի շահերը չի՞ պաշտպանում` նա պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ի շահերը պաշտպանի: Չէ, նման խնդիր չկա: Պարզապես փորձում են այդ միտումը զարգացնել: Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, դա ցույց կտա ՏԻՄ ընտրությունների ամբողջական արդյունքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031