Հայաստանում կան որսատեսակներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան, օրինակ` կճղակավոր կենդանիները կամ վայրի ոչխարի տեսակներից հայկական մուֆլոնը, որն ամբողջ աշխարհի մուֆլոններից տարբերվում է: Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը. «Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր մուֆլոնը, այսօր ինտերնետում փնտրում ենք «Որսորդությունը Հայաստանում», մեկ էլ տեսնում ես տասնյակ արտասահմանյան որսորդական ընկերություններ կազմակերպում են հայկական մուֆլոնի որսը մեր երկրում: Տպավորությունս էնպիսին էր, որ նրանք Հայաստանի իշխանություններից անկախ են գործում, եթե մեր երկրում մուֆլոնը «կարմիրգրքային» է, ո՞նց կարող է ինչ-որ մեկը գա, որսորդության համար լիցենզիա հանի, որս կազմակերպի եւ վերջում էլ ավարը երկրից հանի: Ի՞նչ փաստաթղթերով է անում: Ինձ համար դա հանելուկ է»:
Ներկայացնելով իրենց նպատակները, Է. Սարիբեկյանն ասաց, որ իրենց ակումբը ստեղծվել է, որպեսզի երիտասարդ սերնդի մեջ, ինչու ոչ, նաեւ տարեցների շրջանում դաստիարակեն որսի կուլտուրան: Նա պատմեց, որ եթե որսահանդակներում տեսնում են անթույլատրելի միջոցներով որս անողների, օրինախախտների հետ բանավեճը երբեմն էլ կռվի է վերածվում. «Ով էս երկրում չի ալարում, ով մի քանի ավել դրամ ունի, կարողանում է հրացան գնել, ես կուզեի, որ ինչպես վարորդական իրավունք ձեռք բերելն է դժվար, այնպես էլ որսորդության անդամատոմսը լիներ դժվար մատչելի ու ոչ բոլորին հասանելի»: Որսի կուլտուրայի առումով էլ, ըստ բանախոսի, մենք տասնյակ տարիների գործ ունենք անելու:
«Օրինավոր որսի ակումբ»-ի ղեկավարի խոսքերով, խնդիրն առաջին հերթին վերաբերում է բնապահպանության նախարարությանը, իրենք փորձել են դիմել, որոշակի ընթացք լինում է, բայց երբ խոսքը ավելի լուրջ իրավիճակներին է հասնում, բնապահպանության նախարարությունն ուղղակի ի զորու չէ: Է. Սարիբեկյանի ներկայացմամբ, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա օրենքի համաձայն որեւէ մի տեղ տարածք վարձակալել ու որս կազմակերպել, ուղղակի հնարավորություն չի ունենա, որովհետեւ բոլոր տարածքները, որտեղ դա կարելի է անել, վաղուց արդեն սեփականեցված են:
Բանախոսը պատմեց, որ երբ անցյալ տարի ձկնորսություն անելու ժամանակ տեսել էր քաջահավի որսագողերի, բնապահպանության նախարարությանն էր տեղեկացրել: Մեծ է եղել նրա զարմնաքն ու հիասթափությունը, երբ նախարարության աշխատակիցներն, իմանալով, որ օրինախախտ որսորդները շաբաթ օրն են քաջահավի որս արել, պատասխանել են, թե իրենք շաբաթ օրը չեն աշխատում:
Աշխարհի ուժեղ որսորդական ինդուստրիա ունեցող ցանկացած երկիր, Է. Սարիբեկյանի փոխանցմամբ, ինչ-որ ժամանակ փորձել է որսորդությունն արգելել, բայց երբ որսն արգելվում է, գլուխ է բարձրացնում որսագողությունը. «Խոշորագույն կառավարությունները հասկացել են, որ որսն արգելելու միջոցով բնությանը օգուտ չեն տալիս: Բացի դա, նրանք որսորդական տուրիզմից կարողանում են հսկայական օգուտներ տալ իրենց երկրների բյուջեներին»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ