Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերական շրջապատի հետ ուրբաթ օրվանից թունդ ռազբորկաներ է սկսել Սամվել Բալասանյանի թիմակիցների հետ: Բանն այն է, որ ուրբաթ երեկոյան Սամվել Բալասանյանը հանդիպել է երկաթգծի հետեվի թաղամասի բնակիչների հետ, ինչն էլ անչափ զայրացրել է Սպարտակին: Վերջինս,ժամը 22.30-ի սահմաններում , հավաքելով իր ընկերներին, կռիվ է գնացել այդ թաղամասի ավագանու թեկնածու Էդգար Մկրտչյանի նախընտրական շտաբ, կրակոցներ հնչեցրել, այնուհետ ռազբորկան շարունակել կենտրոնական Սայաթ-Նովա եվ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղակայված «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, որը պատկանում է հենց իրենց՝ Ղուկասյանների ընտանիքին: Այստեղ եւս կրակոցներ են հնչել:
Մենք եղանք ավագանու թեկնածուի նախընտրական շտաբում: Էդգար Մկրտչյանը, ով Սամվել Բալասանյանի թիմակիցն է եւ իր թեկնածությունը առաջադրել է «Աշխատանք եվ արժանապատվություն» նախաձեռնության խմբով, տեղում չէր: Շտաբում աշխատող կանայք փոխանցեցին, որ թեկնածուն շաբաթ օրվանից շտաբ չի եկել:
Թաղի տղամարդիկ եւս ձեւացրին, թե տեղյակ չեն միջադեպից:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝զենքի օգտագործմամբ եվ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք- զինամթերք պահելն ու օգտագործելը: Կատարվում է նախաքննություն, դեռեւս կալանավորվածներ չկան, ձեռնարկվում են քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցների շրջանակը էլ ավելի հստակեցնելու ու գործող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ի դեպ, այսօր ժամը 11.30 հատվածում, ոստիկանները, ըստ ականտեսների, շրջափակել են Գյումրու քաղաքապետարանի շենքը, կան նաեւ տեղեկություններ այն մասին, որ ոստիկանությունը խուզարկություն է կատարում Վարդան Ղուկասյանի տանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ.Գ.- Տեղեկացնենք, որ այսօր Tert.am –ին Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը ասել էր, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքում չէ և հավելել. «Եվ ես չգիտեմ, թե այդ որտեղի՞ց են նման ինֆորմացիաներ վերցնում և ո՞վ ունի նպատակ այս ընտրական շրջանում քաղաքապետի ընտանիքը թիրախ դարձնել»: