Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մայորը արքայազն Հարիի հետ սովորել է նույն բուհում

Օգոստոս 28,2012 13:49

Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմական համագործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ համատեղ, իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի կողմից:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական բաժնի պատասխանատու Սերգեյ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմական համագործակցությունն իրականանում է մի քանի ուղղություններով: Առաջնայինը անգլերենի ուսուցումն է: «1996-ից Հայաստանի զինվորականները մասնակցում են Յորքի համալսարաններից մեկում անցկացվող ռազմական անգլերենի դասընթացներին: Տարեկան այնտեղ ուսանում է 4 հոգի: Բացի այդ, խաղաղապահ գործողությունների դասընթացների են մասնակցում սպաներ եւ սերժանտներ՝ Չեխիայում գտնվող բրիտանական ուսումնական կենտրոնում: Յուրաքանչյուր տարի Չեխիայում գտնվող բրիտանական ուսումնական կենտրոնում սովորում է 20-30 մասնակից Հայաստանից»,- հայտնեց պարոն Միրզոյանը՝ հավելելով, որ հարեւան Վրաստանը յուրաքանչյուր կուրսի համար Չեխիա է ուղարկում 2 ուսանող: Նա հավելեց. «Այս տարի եղել եմ Չեխիայի ուսումնական կենտրոնում, որտեղ միաժամանակ սովորում էին երեք հայ եւ մեկ ադրբեջանցի: Նրանց միջեւ որեւէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել: Մերոնք զուսպ են»:

Մյուս ծրագիրն անցկացվում է 2-3 տարին մեկ անգամ, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիա է ուղարկվում ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներից որեւէ մեկը:

Սերգեյ Միրզոյանի խոսքով, Թագավորական ակադեմիան հեղինակավոր ռազմական կրթական հաստատություն է. «Աշխարհի տարբեր երկրների արքայազնները սովորել եւ ավարտել են հենց այդ ակադեմիան, որոնց թվում՝ արքայազն Չարլզը, նրա որդիներն ու արքունիքի մյուս անդամները, Հորդանանի թագավորը, անգլախոս աֆրիկյան եւ ասիական երկրների նախկին ու ներկա նախագահներն ու վարչապետները: Մեր ուղարկած առաջին ուսանողը՝ Վահան Ծատինյանը, սովորել է արքայազն Հարիի (լուսանկարում) հետ»:

Օրերս Մեծ Բրիտանիա կմեկնի նաեւ Սեւակ Վիրաբյանը, ով այս տարի ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: «Նա ակադեմիայում կուրսանի մոտ 15 ամիս: Սկզբում կանցնի լեզվի կատարելագործման կուրս, թեեւ անգլերենի բարձր իմացության պարագայում այն պարտադիր չէ: Հիմնական ուսուցման շրջանը սկսվում է հունվարի 6-ից: Ուսանողը ստանում է դասակի հրամանատարի գիտելիքներ, իսկ ավարտելուց՝ լեյտենանտի կոչում: Լեյտենանտն ունակ է լինում վարել մարտը, ապահովել իր զինվորների անվտանգությունը եւ հաջողության հասնել մարտի դաշտում»,- ասաց Միրզոյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ Մեծ Բրիտանիայում կրթությունը տեւում է մեկ տարի: Այդ ընթացքում ուսանողը ստանում է միայն դասակի հրամանատարի գիտելիքներ, իսկ հետագայում կարող է ուսումը շարունակել՝ կոչումը բարձրացնելու նպատակով. «Մեծ Բրիտանիան ապացուցել է, որ նման կրթական համակարգի շնորհիվ իր փոքրաթիվ զորքերը գտնվում են լավագույն վիճակում»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031