Իսկ Հայաստանում անգամ նրա ծննդյան 300-ամյակի առիթով պետական մակարդակով միջոցառումներ դեռ չեն իրականացվել:
«Առավոտը» ժամանակին անդրադարձել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արվեստին՝ շեշտելով այն հանգամանքը, որ կամերային, սիմֆոնիկ, սիմֆո-պոպուլյար եւ ջազային ժանրերում հանդես եկող արվեստագետի ստեղծագործություններին ավելի ծանոթ է Արեւմուտքի հանդիսատեսը: Դեռեւս անձնական CD-ով հանդես չեկած կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ ու մշակումներ էլ հայաստանցի երաժիշտների («Կադանս» անսամբլ, Ռուբեն Հախվերդյան եւ Լիլիթ Պիպոյան եւ այլն) մեկնաբանմամբ հրատարակված են բրիտանական SICNUM Records TD URG 7BR UK, գերմանական Sony DADC ընկերությունների կողմից:
Չնայած մեզանում ժողնվագարանների համար ստեղծվող երկերի նկատմամբ առանձնապես ոչ ոգեւորող վերաբերմունքին (բացառությամբ դուդուկի), պարզվում է՝ կոմպոզիտորը գրում է նաեւ այնպիսի երաժշտություն, որը ոչ թե հետաքրքիր է դառնում որպես էկզոտիկ երեւույթ Արեւմուտքի համար, այլ կարեւորում ու ընդգծում է ազգային երաժշտության առանձնահատկությունները: Նարինե Զարիֆյանը երրորդն է՝ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանից եւ Ռուբեն Ալթունյանից հետո, ով սիմֆոնիկ երաժշտության ժանրում ընդգրկել է նաեւ քամանչա: Ի դեպ, Տերտերյանի 5-րդ սիմֆոնիայում իր «բաժինն» ունի քամանչան, իսկ Ալթունյանն ունի ստեղծագործություն՝ գրված քամանչայի եւ կամերային նվագախմբի համար:
Կարդացեք նաև
Մինչ Հայաստանում ձեւավորված է ընդգծված անտարբերություն Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առիթով, Նարինե Զարիֆյանի «Ֆանտազիա Սայաթ-Նովայի երգերի թեմաներով» ստեղծագործությունը օրերս Յարոսլավլում կատարվել է տեղի ֆիլհարմոնիկ-սիմֆոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար՝ Մուրադ Աննամամեդով)՝ դիրիժոր Անատոլի Օսելկովի ղեկավարությամբ: Իբրեւ մենակատար հանդես է եկել ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը, ում արվեստը գնահատել են Տերտերյանն ու Ալթունյանը:
«Առավոտի» հետ զրույցում Նարինե Զարիֆյանն ասաց, որ «Ֆանտազիա Սայաթ-Նովայի երգերի թեմաներով» երկը առաջին անգամ հնչել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) եւ ժողովրդական նվագարանների քառյակի (դուդուկ, քամանչա, քանոն, դհոլ) կատարմամբ: Երկրորդ անգամ հիշյալ ստեղծագործությունը կատարվել է այս գարնանը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, դաշնամուրի, քամանչայի, քանոնի եւ կոնտրաբասի համակցությամբ: Եվ հենց այստեղ է, որ Հակոբ Խալաթյանը խնդրել է կոմպոզիտորին՝ այն «ձեւել» քամանչայի եւ սիմֆոնիկ նվագախմբի «վրայով»: Կոմպոզիտորը նշեց, որ ոգեւորված լինելով հիշյալ ստեղծագործության նկատմամբ հայ եւ ռուս ունկնդրի հետաքրքրվածությամբ, մտադիր է այն առաջիկայում ներկայացնել ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ:
Մի հետաքրքիր հանգամանք. կոմպոզիտորն ասաց, որ իր՝ կիթառի եւ վոկալ ստեղծագործությունների գերակշիռ մասը գրվել է բրիտանացի գործարար Ռոյ Դոդժիի պատվերով: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ գործարարը պատրաստված երաժշտասեր է, իր երկերին ծանոթ է CD-ների միջոցով: Ինչ վերաբերում է «Ֆանտազիա Սայաթ-Նովայի երգերի թեմաներով» երկին, Զարիֆյանի փոխանցմամբ՝ Դոդժին այնքան է «խորացել» հայկական երաժշտության մեջ, որ հիմա էլ հետաքրքրված է մեր ազգային նվագարաններով:
Կապվեցինք քամանչահար Հակոբ Խալաթյանի հետ, ով դեռեւս Յարոսլավլում է: Նա հեռախոսով փոխանցեց, որ համերգն անցել է հաջողությամբ, ներածական խոսքում երաժշտագետը ներկայացրել է ոչ միայն քամանչան, այլեւ Սայաթ-Նովայի արվեստը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ