Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող 7 հարկանի շենքը, ինչպես բնակիչներն են համոզվել այս տարիների ընթացքում՝ «մոլորակից դուրս է գտնվում»: Չնայած այն հանգամանքին, որ 2006 թ.-ին շենքը շահագործման հանձնելիս հայտարարվել է, թե «էլիտար» շենք է, բայցեւայնպես այստեղ բնակվելու համար անհրաժեշտ կենսական պայմաններն անգամ բացակայում են: Շենքը խմելու ջրի, տանիքի, վերելակի խնդիրներ ունի: Բնակիչները մի կերպ են դիմանում նաեւ հարեւանությամբ գործող ասֆալտի գործարանի աղմուկին ու ծխին:
2006թ.-ից սկսած՝ նրանք դիմում են համատիրություն, վարչական շրջանի պատասխանատուներին եւ քաղաքապետարան, բայց որեւէ մի մարմին անգամ չի բարեհաճում լինել տեղում ու արձագանքել նրանց բողոքներին:
6-րդ հարկի բնակիչ տիկին Մարինեն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ջուրը մինչեւ 5-րդ հարկ է հասնում, այն էլ՝ պոմպերի օգնությամբ: Բոլոր բնակիչներն իրենց միջոցներով պոմպեր են գնել, եւս մեկ փակ պոմպ տեղադրված է առաջին հարկում, որն ավելի հզոր է, սակայն նույնիսկ դա չի օգնում: Բնակիչների ներկայացմամբ՝ անհրաժեշտ է ճնշում, որի օգնությամբ ջուրը կհասցնի մատակարարել ամբողջ շենքին: Արաբկիրի ջրմուղից բնակիչներին տեղեկացրել են, որ «շենքը իրենց բալանսում չկա»: Տիկին Մարինեն ասաց. «Մենք ապրում ենք պետության մեջ, բայց մեր շենքը հաշվառման մեջ չէ, էս պետությունից դուրս է»: Պոմպերի աշխատելու ժամերին էլ շենքը դղրդում է, աղմուկ է լինում: Հարեւանները միմյանցից չեն բողոքում, որովհետեւ բոլորն էլ պոմպ են տեղադրել ու նույն խնդրի առաջ են կանգնած: 7-րդ հարկի մեկ այլ բնակիչ էլ՝ տիկին Նունեն, ավելացրեց, որ իրենց խնդրանքը ջրմուղից՝ մեկն է. «Մեզ ճնշում տվեք, մենք մեր ուժերով բոլոր պայմաններն ապահովել ենք, դուք միայն ճնշում տվեք»: Գիշերվա 1-ից հետո ջուրը սկսում է կաթկթալ: 7-րդ հարկում բացառապես մանկատան շրջանավարտներ են բնակեցված, որոնք մեզ հետ զրույցում ասում էին, որ ամբողջովին անտեսված վիճակում են: Անջուր 7-րդ հարկում 9 փոքր երեխա կա: Երեք երեխաների մայր Քնարիկն ասաց, որ շուտով սեպտեմբեր է, երեխաները դպրոց, մանկապարտեզ պետք է գնան. «Պե՞տք է մաքուր հագցնել, լողացնել երեխաներին, թե՞ ոչ: Հատկապես հիմա ամառ է, ամեն օր երեխաներին լողացնել է պետք, չհաշված հագուստը լվանալու անհրաժեշտությունը: Եթե չտանենք դպրոց, կասեն՝ ինչո՞ւ եք երեխաներին կտրում կրթությունից»:
Շենքը վերելակ էլ չունի, ինչն էլ ավելի է բարդացնում ջուր կրող բնակիչների վիճակը: Բնակիչները մոտակա ցայտաղբյուրից 2 տարի շարունակ ձմռանը՝ սահնակներով, ամռանն էլ դույլերով ջուր են կրել: Տիկին Մարինեն ասաց, որ նաեւ քաղաքապետարան է նամակ գրել, բայց իրեն զանգել ու ասել են, որ իրենք չեն կարող պատասխանել, Արաբկիրի համայնքը պիտի պատասխանի:
Խնդիրներին գումարվում է եւ այն, որ կտուրը հիմնական վերանորոգման կարիք ունի, ինչպես նշեց 7-րդ հարկի բնակիչ Քնարը՝ անձրեւի ժամանակ ստիպված են դույլեր ու ամաններ շարել, ամբողջ ջուրը ներս է թափվում, բնակարաններ էլ կան, որ արդեն պատերն են ճաքճքել: Համատիրությունից բնակիչների բողոքին գրավոր պատասխանել են, որ դիմումը ուսումնասիրվել է եւ համապատասխանում է իրականությանը: Համատիրությունից նաեւ պատասխանել են, որ՝ «Հայտնում ենք, որ շենքը շինարարի կողմից մինչեւ օրս չի հանձնվել սպասարկող կազմակերպություններին»:
Շենքն ունի նաեւ այլ անհարմարություններ: Բնակիչներից Արմենն ասաց, որ մոտակայքում գործող երկու ասֆալտի գործարանների աշխատանքը խանգարում է բնակիչների հանգիստը, իսկ փոշին ու աղբը երեխաներին թույլ չեն տալիս բակում խաղալ: 3-րդ շենքի եւ մոտակա 2 հանրակացարանի համար տեղադրված 2 աղբամանները չեն բավականացնում, եւ չնայած աղբահանությունն իրականացվում է ամեն օր, բայց էլի աղբը թափթված է ամեն տեղ: Այս առնչությամբ բնակիչների բողոքին Արաբկիրի վարչական շրջանից պատասխանել են, թե արկղեր չկան: «Շենքին կից անխնամ տարածք է, երեխաները խաղահրապարակ չունեն, բայց ոչ ոք չի զբաղվում այդ խնդրով»,- ասում են բնակիչները: Այժմ բնակիչներն այդ «էլիտար» բնակարանները վաճառքի են հանել: «Այ հիմա ցանկացածի դուռը թակեք ու հարցրեք, ձեր բնակարանը վաճառո՞ւմ եք, տեսեք՝ ինչ կասեն: Գույքով-տեխնիկայով վաճառենք՝ պրծնենք էս շենքից»,- ասում են նրանք:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ