Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղի 5 թեկնածուներից 3-ը քարոզարշավի փոխարեն խոտ են հնձում
Հոգսերի մեջ թաղված, անհրապույր ու դատարկվող այս գյուղում գյուղապետի աթոռի համար տարօրինակ մրցակցություն է ծավալվել, եթե, իհարկե, համարենք մրցակցություն: Փոքրիկ գյուղում միմյանց դեմ պայքարի են դուրս եկել 5 թեկնածուներ՝ թե ՕԵԿ-ից, թե ՀՀԿ-ից եւ թե ԲՀԿ-ից, նրանք, ովքեր էլ կուսակցական չեն, այդուհանդերձ՝ հաջողացրել են հեռակա կարգով մտնել այս կամ այն կուսակցության քողի տակ: Սակայն 620 բնակիչ ունեցող գյուղում ոչ այնքան զարմանալի է թեկնածուների ճոխ թիվը, որքան քարոզարշավը. սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն օրիգինալ է՝ համաշխարհային պրակտիկայում չլսված ու չտեսնված: Թեկնածուները, ոչ ավել-ոչ պակաս, իրենց քարոզարշավը անցկացնում են արտերում, եւ այն բնակիչները, ովքեր ցանկություն ունեն ապագա գյուղապետերին տեսնելու, նրանց հետ ընտրությունների թեմայով բառ փոխանակելու, պիտի գնան, հասնեն նրանց արտերը ու զրույցի բռնվեն հենց այնտեղ՝ խանձող արեւի տակ: Այլապես, եթե անգամ աղաչես ու պաղատես, 5 թեկնածուներից առնվազն 3-ը երբեւէ չեն թողնի իրենց խոտհունձն ու հասնի գյուղամեջ՝ օրինակ, ասենք, գյուղի զարգացման իր ծրագրով հետաքրքրված լրագրողին թեկուզեւ բարեւելու:
Մեր՝ Ղազանչի կատարած այցի ժամանակ տարօրինակ պատմություններ գրանցվեցին. չգիտես ինչու, բոլոր թեկնածուները միաժամանակ հայտնվեցին արտերում: Օրինակ՝ թեկնածուներից մեկը՝ Սամվել Ղազարյանը, որին կաթոլիկական եկեղեցին գյուղի մանկապարտեզի ղեկավարի պաշտոնին է կարգել, լսելով մեր այցի մասին՝ հեռախոսով աշխատանքային թեժ ժամին հայտարարեց, որ ինքը արտում է, խոտ է հնձում: Երբ նրան խնդրեցինք մի փոքր շուտ վերադառնալ, որպեսզի հասցնենք զրուցել, թեկնածուն խոսքը կտուրը գցեց, մեզ զանգահարեց այն ժամանակ, երբ արդեն հեռացել էինք գյուղից: «Ես ձեր խաթեր գործս շուտ թողի եկա, որ գնայի՞ք»,- նախատեց ու մեզ վրա այսպես բարկացավ թեկնածուն: Ի դեպ, գյուղացիների հավաստմամբ՝ նա նախկին ՕԵԿ-ական է, անընդմեջ թեկնածու է՝ 3 անգամ առաջադրել է իր թեկնածությունն ու 3 անգամ էլ չի ընտրվել: Այս գյուղում ՀՀԿ-ն եւս տխուր վիճակում է: Իշխող կուսակցության սատարած թեկնածուն՝ նախկին գյուղապետ Աշոտ Մելքոնյանը, լրագրողների այցի մասին լսելով՝ ոչ միայն տանը նստած տեղը իրեն արտերում է երեւակայում, այլեւ զրույցի կեսից անջատում է հեռախոսը՝ դառնալով անհասանելի: Թեկնածուներից 3-րդն էլ՝ Ռազմիկ Մարկոսյանը, միշտ արտում է: Այդ ամենը ապացույցն է այն բանի, որ թեկնածուները նախընտրական ծրագիր չունեն:
Կարդացեք նաև
Մեզ հաջողվեց զրուցել ընդամենը երկուսի՝ ԲՀԿ-ական Մելանյա Կարապետյանի եւ գործող գյուղապետ, ՕԵԿ-ական Քաջիկ Թովմասյանի հետ: Մելանյա Կարապետյանը, ով նախկինում աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի, այսպես ներկայացրեց Ղազանչիի խնդիրները: «Ինձ համար ամենացավոտ հարցը մեր գյուղի հողերի սեփականաշնորհման հարցն է, մեր պապերն են վարել, ցանել, բայց այսօր մեր ձեռքում չեն, կողքի համայնքների վարչական սահմանների մեջ են ընդգրկվել: Ես դրա համար պայքարելու եմ մինչեւ վերջ, որտեղ ուզում է լինի՝ կթակեմ դուռը, եւ ոչ միայն ես, այլեւ ամբողջ գյուղը»: Թեկնածուն մեր ուշադրությունը սեւեռեց մի զարմանալի փաստի վրա եւս. թեեւ ամբողջ Շիրակի մարզը օգտվում է Ղազանչիի ջրից, սակայն այս գյուղը համարյա ջուր չունի, այն օրական 5 ժամով է, ընդ որում՝ միայն այս տարվանից. նախորդ տարի ընդհանրապես ջրազրկված է եղել: «Մեր հարստությունից 5 ժամով ենք օգտվում, ի՞նչն է պատճառը, չի՞ կարելի դրա դիմաց մի բան անել մեր գյուղի համար, կարող են անել, մեր հարստության դիմաց մի բոնուս ենք ուզում, պիտի կարողանան համաձայնություն տալ: Ամբողջ Շիրակի մարզը օգտվում է մեր գյուղի ջրից, իսկ մենք՝ սահմանափակ ժամաքանակով, եւ դրա համար դրամական հատուցում ենք տալիս, դա լինելու բա՞ն է: Մարդիկ չեն հասցնում նույնիսկ անասուններին ջրել: Էլ չեմ խոսում այն մասին, որ գյուղում ծնելիությունը շատ քիչ է: Իմ աշխատած տարիներին գյուղը մեծ թվով աշակերտներ ուներ, իսկ հիմա քանի գնում, աշակերտների թիվը նվազում է: Մարդիկ թողնում-գնում են արտագնա աշխատանքի, երիտասարդները զբաղմունք չունեն, էլ ի՞նչը կապի իրենց այս գյուղի հետ, հող ունեինք, էդ էլ չունենք, որ էսօր գոնե ցանեն, գոնե զբաղվեն: Ցավոտ է գյուղատնտեսական մթերքի գինը, էսօրվա դրությամբ մենք կես լիտր ջուրը գնում ենք խանութներից՝ 200-300 դրամով, իսկ մեկ լիտր կաթը տալիս ենք 100 դրամով: Վարելահողերում ցանած հացահատիկ չունենք, մարդիկ հաստատ կհիշեն, թե ինչ տոննաներով հացահատիկ էր գնում Ղազանչի գյուղից, իսկ էսօր գյուղացին չունի ոչ մի վարելահող, չի կարող ցանել, ի վիճակի չէ»: Տիկինն ասաց, որ եթե ինքը դառնա համայնքի ղեկավար, ապա իրեն գործեր կատարելու համար կօժանդակի ԲՀԿ-ն:
Գործող գյուղապետը՝ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մոտ ընկեր Քաջիկ Թովմասյանն էլ 5 թեկնածու ունենալը բացատրում է նրանով, որ ինքը համայնքի ղեկավար դառնալով՝ գյուղապետարանի հին պարտքերը փակել է, ու հիմա մյուսների ախորժակը բացվել է: «Երբ ես գյուղապետարանը ընդունեցի 2008 թվականին, գյուղապետարանն ուներ մոտ 21 միլիոն պարտք, պարտքերը մարեցի. աշխատավարձի պարտք էր եւ սոցվճարների: Պարտքերը փակել եմ, որ հաջորդը գա, վայելի, թող վայելի, բան չունեմ ասելու, եթե կարողանա»: Ո՞ւմ է համարում իր ամենավտանգավոր մրցակիցը, գյուղապետը անկեղծորեն խոստովանում է, որ չգիտի: Այդուհանդերձ, նա զարմանում է, որ գյուղի կանանցից մեկը առաջադրել է իր թեկնածությունը: «Տղամարդ լինելով՝ էդ աշխատանքները, էդ վազքը, մարզկենտրոն գնալը, տղամարդկանց հետ շփվելը, ճիշտ է՝ կինն էլ պետք է պաշտոն վարի, բայց մեր ներկա պայմաններում շատ դժվար է, անձամբ ես եմ դժվարանում էդ աշխատանքները կատարել»,- ասում է գյուղապետը: Նա մանրամասնելով հողերի պատմությունը՝ պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ իրենց գյուղի 2-րդ, 3-րդ հատվածի հողատարածքները հանձնել են հարակից գյուղերին, որոնք, սակայն, ընդհանուր սահման չունեն իրենց հետ, օրինակ՝ 110 հեկտար միացրել են Թավշուտին, 600 հեկտար միացրել են Բավրային, մնացածը՝ Սարագյուղին, այսինքն՝ ստացվում է, որ գյուղացիները իրենց վճարած հողահարկով հարստացնում են հարեւան համայնքներին: Ի դեպ, ինչպես Աշոցքի շրջանի մյուս գյուղերի, այնպես էլ Ղազանչիի հարսները մեզ հետ զրույցում բողոքում էին, որ դեռ հարսի շորը չհանած՝ իրենց ամուսիններին խոպան են ուղարկել: Եվ եթե Աստված իրենց 2-3 զավակ է պարգեւել, ապա իրենց խոպանչի ամուսինների 3 ամսով արձակուրդ վերադառնալու շնորհիվ: «Ընտրությունների հերն էլ անիծեմ, ինձ ի՞նչ հետաքրքիր է, թող ամուսնուս համար գյուղում մի պայման ստեղծեն, ես էլ սկսեմ գյուղի կյանքով հետաքրքրվել: 10 տարի շարունակ լարված ապրում եմ, թե տեսնես ի՞նչ եղավ, հո ռուս կնոջ հետ չկապվե՞ց, բա էս ապրելու ձե՞ւ է»,- հարցնում էր 3 զավակ ունեցող երիտասարդ մի կին:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ