Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 28-ի նիստում որպես վկա պետք է հարցաքննվեր քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա դատարան չէր ներկայացել: Ընթերցվեց հեռախոսագիր, որում քննիչը հայտնում էր, որ ինքը ծառայողական գործուղման է մեկնել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղից կվերադառնա օգոստոսի 31-ին:
Այնուհետեւ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը դատարանին միջնորդություն ներկայացրին դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկել վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը: Պաշտպանների համոզմամբ` այդ փորձաքննությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե Արման Մնացականյանին բացատրվե՞լ են վկայի իր իրավունքները, տեսագրության մեջ հնչող ձայնը Արման Մնացականյանի՞նն է: Պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով` հակասություններ կան այդ տեսաերիզի եւ Արման Մնացականյանի գրավոր ցուցմունքների միջեւ, տեսաերիզում երեւում է, թե ինչպես Արման Մնացականյանը քննիչի հարցերին պատասխանում է ասելով` «այո» կամ «ոչ», իսկ վերջինիս գրավոր ցուցմունքները գրված են քննիչի կողմից, չեն բխում Արմանի խոսքերից: Հրանտ Գեւորգյանն ասաց, որ քննիչի կողմից այդ կերպ խախտվել են քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
5 ամբաստանյալները, ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միացան միջնորդությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ տեսաերիզի բովանդակութան եւ Արման Մնացականյանի գրավոր ցուցմունքի միջեւ հակասություններ կան, որ կարելի է խոսել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի մասին: Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ առկա է Արման Մնացականյանի գրավոր ցուցմունքը, այդ վկան դատարանում ցուցմունք է տվել, նշված տեսաերիզում քննիչի ռեժիսորական վատ աշխատանք կա եւ հավելեց, որ այդ տեսաերիզը քրեական գործով որպես ապացույց չի համարվում, որ դա ընդամենը կցված է գրավոր ցուցմունքին: Գործով մյուս մեղադրող Հայկ Հարոյանը պնդեց, որ միջնորդության քննարկումը հետաձգվի, մինչեւ դատարան ներկայանա քննիչ Լեւոն Պետրոսյանը, ով պարզաբանումներ կտա այդ առնչությամբ:
Դրան հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նա հայտարարեց` եթե տեսաերիզը ապացույց չէ, ինչո՞ւ այդ մասին ապացույցների հետազոտման ժամանակ չհայտարարվեց, ինչո՞ւ այն հետազոտվեց: Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Սամվել Մարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս կգա ժամը 14-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ