Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հորեղբոր տղայի աշխատավարձն էլ կբարձրանա»

Օգոստոս 28,2012 13:25

ՀԱԿ ներկայացուցիչը մեկնաբանում է կառավարության ներկայացրած տնտեսական ցուցանիշները

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը օրերս հրավիրած ասուլիսում ներկայացրեց առաջին 7 ամիսների տնտեսական բավականին լավատեսական ցուցանիշները: «Առավոտը» խնդրեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին մեկնաբանել՝ եթե Վարդան Արամյանի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է, եւ այդքան լավ ցուցանիշներ ունենք, իսկապե՞ս կարող ենք ասել, որ կյանքը լավացել է: Նա պատասխանեց. «Գիտեք ինչ կա, իր հորեղբոր տղայինն էլ կավելանա, իր գրպանինն էլ կավելանա, Սերժ Սարգսյանի հորեղբոր տղայինն ու իր գրպանինն էլ կավելանա, բայց երբ որ քաղաքացիներինը չի ավելանում, երբ աղքատությունն է մեծանում, երբ ինքը աղքատության ցուցանիշի մեթոդոլոգիայի փոփոխություն է ներկայացնում, դա այդպես չի. իրականում աղքատությունն է մեծացել: Մարդը գոհ է ինքն իրենից ու իր կառավարությունից: Նման հաշվարկներ անելու հնարավորություններ ունի միայն այս պետությունը: Թե ինչքանով են հաշվարկները համընկնում իրականության հետ՝ քաղաքացիները պետք է ասեն: Մեր երկրում տնտեսական քաղաքականություն չկա: Երբ ինքը արտաքին պարտքի մասին է խոսում, հարցին՝ թե ինչպես եք սպասարկելու պարտքը, ասում է՝ նորից պարտք ենք վերցնելու, նման երկրներ են Հունաստանը, Իսպանիան: Ավելի շատ սրանից պետք է անհանգստանալ: Մի ուրիշ հարց էլ կա՝ ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում, 7 ամսվա այդ կարկառուն ցուցանիշների վերաբերյալ ինքը մամուլի ասուլիս չի տալիս: Որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ դրա տակ թաքնված են շատ ավելի վտանգավոր երեւույթներ, եւ այսօրվա այդ ցուցանիշներով հպարտանալ, ուրախանալ չենք կարող: Ինքը խոսում է մեր քաղաքացիների եկամուտների ավելացման մասին, դա իրականություն չի, որովհետեւ եթե գների, աշխատավարձի եւ եկամուտների համեմատություն անցկացնենք դոլարային արտահայտությամբ, կտեսնենք, որ նման աճ գոյություն չունի: Ի վերջո՝ մի ուրիշ ցուցանիշ էլ կա, որ կոչվում է արտագաղթ: Եթե երկրում տնտեսական ցուցանիշները լավանում են, մարդիկ չեն գնում այդ երկրից: Ցավոք, մեր երկրից անցյալ տարի 49 հազար են գնացել: Ավելի ռեալ եւ ավելի լուրջ վտանգը կայանում է Հայաստանում քաղաքացիների արտագաղթի հետ կապված: Եթե իրենք չեն ընդունում, որ այսօր Հայաստանում իսկապես դեմոգրաֆիական խնդիր կա, նշանակում է՝ այսօր իրենք Հայաստանում ոչ մի հարց չեն լուծում, եւ մենք չենք էլ հարստանում, եթե, ասենք, մեր շրջապատի մեջ ընդամենը 10%-ի կյանքն է լավանում: Միջազգային ձեւակերպումներում էլ Հայաստանը որպես ստաբիլ զարգացող պետություն ընդգրկված չէ, մենք այնպիսի երկիր ենք, որ երբ համաշխարհային շուկայում, Եվրոպայում մի քիչ քամի լինի, Հայաստանում փոթորիկ կլինի»:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունները ի պատասխան ՀԱԿ-ի դիտարկմանը՝ արտագաղթի վերաբերյալ, ասում են, որ ՀՀՇ-ի օրոք է մեծ արտագաղթ եղել, մասնավորապես իր ասուլիսում պարոն Արամյանն էլ ասաց, որ արտագաղթի աճի տենդենցը 93-ից սկսած կա՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Արամյանը, մնացածներն էլ հիշողության առումով երեւի տարիքային խնդիրներ կան: Դա ՀՀՇ-ի տարիներ չեն եղել, եղել են պատերազմի տարիներ, եւ հետո՝ եթե իրենք 1991-99-ի արտագաղթը եւ 99-ից մինչեւ 2012-ը վիճակագրական տվյալներն ուսումնասիրեն, կտեսնեն, որ 1999-ից վիճակը շատ ավելի վատացել է: Արամյանը եթե նման հարց է տալիս, կամ իշխանությունը, իրենց ասեք, թող ասեն հիմա ծնվողների եւ մահացողների թվերը, հիվանդությունները, կտեսնեն, որ շատ ավելի վատ է: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ դա մեր դժբախտությունն է իրականում: Լավ կլիներ, որ իրենք մեզ պատմեին ու ներկայացնեին, թե ինչ է մեզ սպասվելու, վաղը-մյուս օրը ինչպես ենք այս ճգնաժամային վիճակից դուրս գալու: Նույն հանքաքարի համաշխարհային գների անկման դեպքում տնտեսությունը ոնց է զարգանալու: Արտահանման 80 տոկոսը կազմում են հանքանյութերն ու թանկարժեք նյութերը՝ ոսկի կամ նմանատիպ արտադրանք: Սրանք ընդամենը թվեր են, որի մասին իրենք խոսում են ու փորձում ներկայացնել: Ես համոզված եմ, որ հոկտեմբերին, երբ իրենք ներկայացնեն 9 ամսվա տվյալները՝ ավելի վատ ցուցանիշներ կլինեն՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում այսօրվա պարենամթերքի հետ կապված պրոբլեմները, հաշվի առնելով նաեւ, որ անցյալ տարի իրենք էլի թվանկարչության արդյունքում 9 ամսով բավականին լավ ցուցանիշներ են ներկայացրել, հիմա պետք է դրան ավելացնել, բայց էլ ավելացնելու տեղ էլ չկա: Իրենք ինչքան են ակնկալիք հարկերից հավաքել՝ 101 մլրդ-ից 25 մլրդ են հավաքել, այսինքն՝ մնացածը պետք է հավաքեն այս 5 ամսվա ընթացքում, որը ռեալ չի, իսկ մնացածը երբ նայում ես, պարզվում է՝ հավաքել են միջին եւ փոքր բիզնեսին ավելի ճնշելով: Խաղի կանոնները չեն փոխվել, որի մասին դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին խոսում էր ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, երբ ասաց՝ ինձ ասեք, թե ինչպես է պետք հավաքել: Իրենք մինչեւ հիմա չեն ասել, թե ինչպես պետք է հավաքեն: Հիմա սպասեք դրան: Դա է հետաքրքիր, թե չէ՝ Արամյանը շատ փոքր մարդ է, որ կարողանա ինչ-որ լուրջ տեսակետներ արտահայտել, լուրջ տեսակետներն էլ հասարակությունը ընդունի որպես իրականություն: Հավատացնում եմ, եթե լուրջ լինեին թվերը, Սերժ Սարգսյանը կխոսեր: Հիշո՞ւմ եք, անցյալ տարի, երբ արտագաղթի մասին խոսեց-խոսեց, բայց իրեն սխալ թվեր էին ներկայացնում: Հիմա ինքը արդեն դրսում խնդրում է, ասում է՝ ամեն ինչ արեք, ներդրում արեք, որ Հայաստանից չարտագաղթեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031