Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորից՝ «փաթեթով»

Օգոստոս 28,2012 13:11

Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն՝ նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետեւ դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»՝ մեղադրանքի միեւնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում. մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, եւ նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին եւ նույն պահին կատարել են միեւնույն գործողությունները: Այդ հեղհեղուկ մեղադրանքի հիման վրա էլ նրանք դատապարտվեցին՝ առանց մանրամասնելու, թե որ պահին ով ինչ է կատարել, ինչ հայտարարություն կամ կոչ է արել, որի հետեւանքով էլ տեղի ունեցան այդ անկարգությունները: Սակայն այստեղ պատճառահետեւանքային կապերը բացահայտելու համար շատ նուրբ աշխատանք է պետք. հաստատ մեղադրանքի տեքստը գրող քննիչները չէին ուսումնասիրել սոցիալական հոգեբանությունը եւ չէին կարող ասել, թե երբ եւ ինչու է «կարգին» ժողովուրդը դառնում «անկարգ» եւ վերցնում «կացիններն ու եղանները»: «Մարտի 1-ի» գործերում, իհարկե, 50 տոկոսով առկա էր քաղաքական պատվերը, իսկ մյուս 50 տոկոսը քննիչների եւ դատավորների ծուլությունն էր ու ոչ պրոֆեսիոնալիզմը:

Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետեւանքով անզգույշ ծեծի» մեջ (այդպիսի նուրբ եւ քնքուշ ձեւակերպում է ընտրված՝ սպանությունը քողարկելու համար), եւ մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել՝ մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, եւ այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է՝ «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում՝ «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ՝ չի տա նաեւ դատարանը:

Նման հանգամանքների վրա իրավացիորեն ուշադրություն են դարձրել «Հարսնաքարի» գործով տուժածների իրավահաջորդների փաստաբանները եւ «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը, որի մեջ, ի դեպ, կան ինձ համար շատ հարգելի ու համակրելի մարդիկ: Միակ բանը, որի հետ ես համաձայն չեմ, այդ նախաձեռնության կոչն է՝ «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու: Անկախ նրանից, թե որոնք են, ըստ գաղափարի հեղինակների, այդ «տրիբունալի» նպատակները, իրականում գաղափարը կարող է ակամա հանգեցնել «հեղկոմների», հասարակական հավատաքննիչների եւ դահիճների ինստիտուտի, ինչը, իմ տեսանկյունից, մերժելի է: Պահանջել կոռումպացված եւ քաղաքական պատվեր կատարող իրավապահներից իրականացնել նորմալ արդարադատություն՝ այո՛, փորձել որեւէ ձեւով արդարադատությունն իրականացնել «սեփական ուժերով»՝ ո՛չ: Ինչպես կասեր հայտնի կատակերգության հերոսը՝ «դրանք մեր մեթոդները չեն, Շուրիկ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031