Հիշո՞ւմ եք՝ դպրոցական շարադրության մի թեմա կար՝ «Ինչպե՞ս եք անցկացրել ամառը»։ Թեման կրկնվում էր գրեթե ամեն տարի։ Ու մենք գրում էինք ստանդարտ տեքստեր։ Ձանձրալի էր, որովհետեւ ասելիք չէինք ունենում, կամ այն, ինչի մասին կուզենայինք խոսել, այնքան էլ «հարմար» չէր… Ուրեմն ստանդարտ տեքստեր էին՝ ստանդարտ թեմայով։
Ստանղարտ տեքստերի պակաս այսօր էլ չունենք։ Ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե տեքստեր են, այլ մտքեր։ Ընդ որում, «մտքերի» հեղինակներն այնքան էլ մեղավոր չեն, որովհետև ստանդարտը թելադրված է իրականությամբ։ Մի տեսակ փակ շրջան է ստացվում։ Միտքը կանգ է առել եւ փորձում է գտնել նույն խնդրի լուծումը։ Այն, որ խնդիրը մեկն է, կասկած չունեմ։ Կասկած չունեն անգամ նրանք, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են դրա լուծմանը։ Իշխանափոխություն. Հայաստանին անհրաժեշտ միակ քայլը սա է։ Հիմա կբացատրեմ, թե ինչու։
Մեր փոքրիկ երկրի հնարավորությունները թվում է, մեծ թռիչքի նպաստել չեն կարող։ Թվում է՝ «ազգային բնավորության» հետեւանք է այն վիճակը, որին մենք սովորել ենք: Թվում է՝ ողջ աշխարհը բանուգործ թողած, ընկել է մեր հետեւից, որովհետեւ չի ուզում, որ մենք՝ հայերս, արժանապատիվ ապրենք սեփական երկրում։ Թվում է… Իսկ մենք՝ հայերս, համառորեն պատճառներ ենք որոնում մեզնից դուրս. Պուտինից սկսում ենք, Օբամայով ավարտում։ Հետո ընկնում ենք մեկ այլ ծայրահեղության մեջ։ Մեղավորներ ենք փնտրում միայն մեր մեջ, փնովում, հայհոյում ենք ինքներս մեզ եւ դրանից մի տեսակ մազոխիստական հաճույք ստանում։ Եվ իրականությունը փախչում է մեզնից ճիշտ այնպես, ինչպես մենք ենք փախչում մեր երկրից։
Վերադառնանք իշխանափոխությանը։ Որքան էլ «ստանդարտ» հնչի, իշխանափոխությունն անհրաժեշտ է, որովհետեւ մեզ ուղղակի «թարմ արյուն» է պետք։ Նկատենք՝ իշխանափոխությունից վախեցողների մի մասը պնդում է, անկեղծորեն է պնդում, որ սարսափում է «էլ բեթարից»։ Դեռ չգիտեն՝ որն է «էլ բեթարը», բայց սարսափում են։ Գիտակցաբար կշրջանցենք իշխանավորներին եւ նրանց սպասավորներին, որովհետեւ սրանց շարժառիթներն ավելի քան պարզ են։ (Պարզ են թե՛ շարժառիթները, թե՛ նպատակին հասնելու մեթոդները): Իշխանափոխություն է պետք, որովհետեւ հոտած ջրում ապրելը, համաձայնե՛ք, այնքան էլ հիգիենիկ չէ։ Իշխանափոխություն է պետք, որովհետեւ հին «էլիտան» իրեն սպառել է՝ սպառելով երկրի ունեցվածքը։ Հիմա միայն մի ծրագիր ունեն՝ իշխանությունն ու հարստությունը կտակել սեփական զավակներին։ Համոզված եմ՝ ծրագիրն իրագործման փուլում է։ Իրագործվում է մեր աչքի առաջ, մեր լուռումունջ թույլտվությամբ։ Ինչ կտա երկրին «զավակների» կամ «փեսաների» իշխանությունը՝ գուշակելը դժվար չէ։ Արաբները ձեզ օրինակ։
Իշխանափոխությունն անհրաժեշտ է արյունահեղությունից խուսափելու համար, արյունահեղություն, որի դրդիչը կարող ենք բոլորովին էլ մենք չլինել։ Իշխանափոխությունն անհրաժեշտ է խաղաղությունը թե՛ երկրի ներսում, թե՛ Արցախում, թե՛ սահմաններին պահպանելու համար։ Սա էլ գիտենք։ Ապացուցման կարիք չունեցող բաներ են։ Պարզունակ են այնքան, որ մեր չափազանց ինտելեկտուալներին խրտնեցնում են, սարսափեցնում։
Իշխանափոխությունն անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է անարյուն իշխանափոխություն, որովհետեւ մենք արյունահեղության ուղղակի չենք դիմանա։ Իսկ դրա համար ստիպված կլինենք դաշնակիցներ ունենալ նաեւ նրանց շարքում, ում առանձնապես չենք սիրում։ Եվ ընդհանրապես, սիրել-չսիրելը» քաղաքական կատեգորիա չէ։ Այսօր՝ 21-րդ, դարում, որեւէ օգուտ չի բերի նաեւ անիմաստ ռոմանտիզմը։ Ահա թե ինչու եմ խուսափում «հեղափոխություն» բառից, որ մեր «խենթերն» են սիրում։
Ուրեմն խնդիրը գիտենք։ Լուծելու ձեւը դեռ չենք գտել։ Բայց եթե իրար մեղադրելու, իրար բզկտելու, հիստերիկ սիրուց հիստերիկ ատելության դաշտ տեղափոխվելու փոխարեն փորձենք ռեալ գնահատել իրերի վիճակը, լուծումը կգտնենք շատ արագ։ Ցավոք, ամառվա վերլուծությունների, այսինքն ամառվա ընթացքում լույս տեսած վերլուծական հոդվածների ճնշող մեծամասնությունը ավելի շատ «հաշիվ մաքրելու» տպավորություն էր թողնում, քան կոնկրետ փաստերի վրա հիմնված գնահատականի։ Իսկ «հաշիվ էին մաքրում» ոչ թե իշխանությունն արյունով զավթածների հետ, այլ… Հայ ազգային կոնգրեսի։ Այս յուրօրինակ համերգի ձայնապնակը խեղճ էր ու հակասական, որովհետեւ Կոնգրեսը փնովողները դարձյալ ապացուցեցին, որ ինչ-ինչ պահանջներ ունեն հենց Կոնգրեսից եւ նրա առաջնորդից։
Չեմ կարող ասել, թե միշտ եւ ամեն ինչ հասկանայի է ընդդիմության գործողություններում։ Բայց մի բան գոնե պարզ է։ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա առաջնորդն արկածախնդիր չէ եւ ի վնաս երկրի որեւէ քայլ չի անի։ Իսկ մնացածը, կարծում եմ, աստիճանաբար իր տեղը կընկնի։
Ամառն ավարտվում է։ Մոտենում է փետրվարը։ Անարյուն իշխանափոխության հնարավորություն ունենք։ Արդեն հետաքրքիր է։
Զ. Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն»