Առաջիկա օրերին արդեն հայտնի կդառնա Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստներին երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոքի քննարկման օրը։
Արդեն իսկ հայտնի է, որ նիստը նախագահելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։ Այս մասին երեկ մեզ հայտնեցին դատարանի գրասենյակից։
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, անցած տարվա օգոստոսի 9-ին ոստիկանների կողմից դաժան բռնությունների ենթարկված, բայց իշխանությունների թեթեւ ձեռքով տուժողի կարգավիճակի փոխարեն մեղադրյալի կարգավիճակ ստացած երիտասարդ ակտիվիստներ՝ 20-ամյա Սարգիս Գեւորգյանը եւ 21-ամյա Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել էին երկուական տարվա ազատազրկման, 31-ամյա Արտակ Կարապետյանը եւ 31-ամյա Տիգրան Առաքելյանը, համապատասխանաբար, երեք եւ վեց տարվա ազատազրկման։
Երեկ մի քանի հարց ուղղեցինք փաստաբան Վահե Գրիգորյանին։
– Արդեն դիմել եք Վերաքննիչ քրեական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանի խայտառակ վճռի եւ դատավարության խայտառակ ընթացրի մասին բազմիցս նշվել է: Պարոն Գրիգորյան, դուք կոնկրետ ի՞նչ դրվագներ կնշեք։
– Նախ, առաջին հերթին ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատաքննությունն ակնհայտ կողմնակալ բնույթ է ունեցել։ Այն, ինչ դատարանում ասել են ոստիկանները, ամբողջությամբ ընդունվել է որպես հիմք, իսկ այն, ինչ ասել են ամբաստանյալները՝ ամբողջությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, թե նրանց ասածները նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից։ Մինչդեռ, նույն նկատառումներով, ըստ էության, ոստիկաններն են ցուցմունքներ տվել, որովհետեւ՝ եթե դատարանը համադրեր, օրինակ, ամբաստանյալների կողմից ոստիկանների նկատմամբ ոտնձգությունների եւ ոստիկանների կողմից ամբաստանյալների նկատմամբ ոտնձգությունների գնահատականները, ոստիկաններն ակնհայտորեն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեին, քան ամբաստանյալները։ Եվ եթե այդ պայմաններում ամբաստանյալները պետք է նպատակաուղղված ցուցմունքներ տային՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, ոչ մի գնահատական չկա, թե ինչու ոստիկանները եւս չէին կարող այդ ցուցմունքները տալ՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար: Երկու կողմերը հավասարապես ցուցմունքներ են տալիս մյուս կողմի կատարած հանցավոր արարքների վերաբերյալ, եւ անհասկանալի է, թե ինչու հե՛նց ոստիկանների ցուցմունքը հիմք ընդունվեց։ Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ արդյոք չկային քաղաքացիական անձինք, որոնց ցուցմունքները ավելի օբյեկտիվ կլինեին։ Այդպիսի անձինք կային, բայց նրանց ցուցմունքները զավեշտի էին վերածվում։ Մասնավորապես, կարող եմ հղում կատարել Հրանտ Միրիջանյանի ցուցմունքին, որը դատարանի դահլիճում հայտնում էր, որ իր նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ներգործություն է կատարել, ինչպես նաեւ նրա մայրը հայտարարեց այդ մասին։ Սակայն, դատարանի կողմնակալությունը թույլ չի տվել այդ հանգամանքին գնահատական տալ, կոնկրետ այդ վկայի ցուցմունքի արժանահավատությանը։
– Այսինքն, Սիրիջանյանի ցուցմունքը դատարանը արժանահավատ է համարել։
– Այո, դատավճռում դատավորը մեջբերում է Միրիջանյանի ցուցմունքը այն մասին, թե ինչ էր տեղի ունենում միջադեպի ընթացքում, բայց աչքերը եւ ականջները փակում է նրա վրա, որ Հրանտ Միրիջանյանը դատարանի դահլիճում բացահայտ հայտարարություն է արել, որ իրեն ծեծելով են բերել դատարանի դահլիճ, որ հենց ա՛յդ ցուցմունքը տա։ Եվ այդ նույն վկան դատարանում բողոքեց, որ ոստիկանները արդեն իր տեղն արել են եւ տարբեր
գործերով իրեն ստիպում են որպես վկա հանդես գալ։ Եվ այս հայտարարությունը դատարանը եւս ուշադրության չի արժանացրել։
– Նաեւ կային վկաներ, որոնք դատարան չներկայացան։ Ձեզ հայտնի՞ են դրա պատճառները։
– Այո, կան այդպիսի վկաներ։ Կոնկրետ կա մեկը, ով ակնհայտորեն ցուցմունք է տվել հենց ոստիկանների դեմ։ Այդ վկան այդպես էլ չդատակոչվեց, բայց նրա նախաքննական ցուցմունքը հրապարակվեց։ Ավելի ուշ պաշտպանական կողմը այդ վկային հարցման է ենթարկել, ու պարզվել է, որ այդ վկան, որը հայերենին լավ չի տիրապետում, նախաքննության ընթացքում քննիչին ասել է, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես է միջադեպի ժամանակ ոստիկաններից մեկը հարվածում տղաներից մեկի դեմքին, եւ բացի դրանից՝ այն պահին, երբ որ ինքը այս մասին հայտնել է քննիչին, իբր՝ թարգմանչի ներկայությամբ, որը թարգմանիչ էլ չի եղել, ոստիկաններից մեկը այդ վկային սկսել է համոզել, թե դա կարող է հարված չի եղել, դա պատահականություն
էր եւ այլն։ Բայց պարզվում է, որ ցուցմունքում վկայի այդ խոսքերը տեղ չեն գտել։ Ստացվում է, որ այդ վկայի ցուցմունքը ուղղակիորեն կեղծվել է, եւ դատարանում հրապարակվել է կեղծ ցուցմունքը։ Կան նաեւ այլ ապացույցներ, որոնք ոստիկանությունը կա՛մ կեղծել են, կա՛մ՝ կորցրել։ Մասնավորապես, դատաքննության ընթացքում հարցաքննվել է տուժող ոստիկան Շահեն Հարությունյանը, որը ցուցմունք է տվել, որ իր «այֆոնով» նկարահանել է միջադեպը։ Այդ տեսագրությունը շատ արժեքավոր ապացույց կլիներ՝ գնահատելու համար կողմերի գործողությունները, բայց պարզվում է, որ այդ քաշքշուկի ժամանակ, ինչպես այդ Շահենն է ասում, այդ հեռախոսը ոչ միայն կորել է, այլեւ իր աշխատավարձից երեք-չորս անգամ ավելի արժեք ունեցող հեռախոսը գտնելու ուղղությամբ ինքը որեւէ քայլ չի արել։ Այն, որ ոստիկանները հրահանգավորված են եղել կոնկրետ ցուցմունքներ տալ, փաստում են նաեւ մի շարք էական հանգամանքներ։ Ամենավառ օրինակը Անի Գեւորգյանի դեպքն է։ Յոթից ութ ոստիկաններ միաձայն ցուցմունք էին տալիս այն մասին, որ միջադեպի վայրում տեսել են Անի Գեւորգյանին, որը այնտեղ նկարահանումներ էր կատարում։ Իրականում Անի Գեւորգյանը այդ վայրում առհասարակ չի գտնվել։ Նա եղել է «ՀԺ» թերթի խմբագրությունում։ Այդ ժամանակ շատ անհասկանալի էր, թե ինչու են ոստիկանները առանց որեւէ հիմնավորման պնդում, թե դեպքի վայրում տեսել են Անի Գեւորգյանին։ Դատավարության ընթացքում մենք էլ չէինք կարողանում դա հասկանալ։
– Պատճառը պարզվե՞ց։
– Այո, պարզվեց, որ սա շատ լուրջ ծրագրված հրահանգավորում է եղել։ Դա պարզվեց դատավճռից։ Տուժող Շահեն Հարությունյանի բջջային հեռախոսի,
հետեւապես նաեւ կարեւոր տեսագրության անհետանալու հանգամանքը չեզոքացնելու համար էր հորինվել Անի Գեւորգյանի դրվագը։ Մեր այն փաստարկին, որ Հարությունյանի տեսագրությունը կարող էր լույս սփռել իրականության վրա, եւ նա դա չի հրապարակել, դատարանը հակադրել է,
թե ինչու նաեւ Անին, որը ամբաստանյալ Սարգիս Գեւորգյանի քույրն է, եւս դեպքի վայրում նկարահանումներ է արել, իր արած այդ նյութերը չի տրամադրել դատարանին։ Ստացվում է, որ ոստիկանների ցուցմունքներն ի սկզբանե խնամքով պատրաստված են եղել՝ դատավճռում որպես ապացույց օգտագործելու համար։
Ա. Գ.
«Հայկական ժամանակ»