Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանիրավի արված հայտարարություններ` ըստ Գալուստ Սահակյանի

Օգոստոս 28,2012 11:31

Վերջին մի քանի օրը օրակարգ է մտել մի խոսակցություն, թե աշնանային նստաշրջանում անցած տարվա բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ 2011-ի կատարողականը չհաստատվի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնվի: Արդեն տասնյակ վերլուծականներ են գրվել այդ մասին, ԲՀԿ գործիչներն իրենց հրապարակային խոսքում (Տիգրան Ուրիխանյան, Նաիրա Զոհրաբյան) չեն ժխտում, որ կուտակված խնդիրների լուծումը իրենք տեսնում են այլ կառավարությամբ, այդպիսով կրքեր թեժացնելով այս թեմայով: Ոմանք սա դիտարկում են նախագահական ընտրությունների համատեքստում, եւ անգամ խոսքը տանում-հասցնում են այնտեղ, թե վարչապետին զոհաբերելը կարող է լինել այն գինը, որով ԲՀԿ-ն կհամաձայնի նոր կոալիցիոն համաձայնագրի կամ էլ կհայտարարի, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, ուրիշները դա բացատրում են Ռոբերտ Քոչարյանի ստվերային դերակատարությամբ: Մենք դեռ կհասցնենք վերլուծել իրավիճակը, այսօր այդ եւ օրակարգում առկա այլ մեկ-երկու հարցի վերաբերյալ ներկայացնենք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի տեսակետները:

Բյուջեի կատարողականի ժամանակ այդպիսի իրավիճակը նա հնարավոր համարո՞ւմ է. «Իհարկե ոչ: Նման խնդիր մեզանում չի քննարկվում եւ առաջիկայում էլ չի քննարկվելու»: Գ. Սահակյանն ասում է, թե այդ հարցի շուրջը երկար մտածելու կարիք չկա, վարչապետ կամ կառավարություն նշանակելիս վճռական դեր ունի Ազգային ժողովը, որտեղ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է ու` «Մի քիչ կոշտ ասեմ` առանց օժանդակության կկարողանա իրականացնել էն ռազմավարությունը, որն ինքն ընդունել է»: Այս խոսակցություններին ՀՀԿ փոխնախագահը թեթեւ է վերաբերվում. «Ցանկացած կուսակցություն խնդիր ունի նաեւ իշխանության գալ եւ իր մտահղացումները հասարակության մեջ իրականացնել, դա է կուսակցության մոդելը, եւ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում, թե ո՞ր ժամանակաշրջանում ո՞ր խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել», ասում է Գ. Սահակյանը` ԲՀԿ-ից հնչող այս տեսակետների վերաբերյալ, հակադրելով, թե ՀՀԿ-ն արդեն ապացուցել է, որ կարողանում է հարցերը համախումբ լուծել բոլոր կուսակցությունների հետ, դա երբեմն հաջողվում է, երբեմն ոչ.

«Իսկ դա հանիրավի արված հայտարարություն է, որը չի կարող մեր հետագա գործողությունների բնութագիրը դառնալ, փորձը ցույց է տալիս, որ մեծամասնության` Հանրապետականի որոշումներով են հարցեր լուծվում, ու ինչ որոշի մեծամասնությունը, դա է լինելու»:

Մի լրացուցիչ անգամ ճշտեցինք` Իսկ ԲՀԿ-ն իշխանություն չէ՞, քանի որ ԲՀԿ-ականները «ընդդիմադիր» տերմինը ոչ մի անգամ չօգտագործեցին. «Ոչ, ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում է: Իշխանությունը գործադիր մարմին է ձեւավորում, իսկ քաղաքական ուժերը իշխանական են, երբ մասնակից են իշխանության կազմավորմանը», հայտնի դրույթը բարձրաձայնեց ՀՀԿ փոխնախագահը:

Նույն` ԲՀԿ նախաձեռնությամբ Ծաղկաձորում Եվրասիական միության թեմայով համաժողով կազմակերպվեց, երբ Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց չկա. «Կարծում եմ` ավելորդ թնջուկ է քաղաքական դաշտում հայաստանյան իրականության մեջ, որովհետեւ Եվրասիական միությունը դեռ չի ձեւավորել կազմակերպչական փաստաթղթերի փաթեթ, դա դեռ գաղափար է` երեք պետությունների շրջանակում: Նույնիսկ եթե Հայաստանը որեւիցե մոտեցում ցուցաբերելու լինի` կաշխատի ամենաշահավետ իրավիճակներից ելնելով դրան գնալ: Մեզ մոտ դա չի քննարկվում, որովհետեւ ըստ էության նույնիսկ քննարկման նյութ էլ չունենք, որ քննարկենք: Մոդելային խոսակցություններ են, կարծում եմ տարիներ են պետք` մոդել մշակելու համար: Ես ե՛ւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ե՛ւ որպես անձ ասում եմ` այն բոլոր գաղափարները, որոնք են կվնասեն Հայաստանի ինքնիշխանությանը` Հանրապետականի կողմից անընդունելի կլինեն»:

Գյումրիի նախընտրական իրավիճակի հետ կապված ՀՀԿ փոխնախագահը հնարավոր համարո՞ւմ է ֆորսմաժորային իրավիճակ, խժդժություններ, քանի որ նաեւ խոսակցություններ կան, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները պատրաստվում են ընտրվել ավագանու անդամներ, եւ այդ դեպքում էլ լարվածությունը հետագայում գուցե չթուլանա. «Որպես խորհրդարանական ընտրությունների շարունակություն ՏԻՄ ընտրություններն էլ դրական պետք է անցկացվեն, եւ ամեն ինչ արվում է ոչ միայն Գյումրիում, այլեւ ընդհանրապես, որպեսզի բախումների չտանեն», նշեց Գ. Սահակյանը` հավելելով, թե ՀՀԿ աջակցությունը Սամվել Բալասանյանին քաղաքական քայլ չէ, ընդամենը նորից ՀՀԿ-ի սկզբունքն այն է, որ տարածքներում ընտրվեն նրանք, ովքեր մատչելի են հասարակության համար, իրենց հեղինակությամբ հասարակության մեջ դրական էմոցիաներ են առաջացնում: ՀԻմա Բալասանյանը հեղինակություն ու դրական ընկալում ունի՞ Գյումրիում, հետաքրքրվեցինք. «Այո, մեր վերլուծականն այդպես է, դրա համար էլ պաշտպանում ենք:»

ՀՀԿ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում գնահատելով` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե 4 հազարից ավելի ավագանու անդամի թեկնածուներ ունի ՀՀԿ-ն բոլոր 642 այն համայնքներում, որտեղ ընտրություններ են տեղի ունենալու: Ավագանի անդամների առաջադրման առումով էլ փորձել են այնպես անել, որ 30 տոկոսից ավելին կանայք լինեն.«Սա էլ կշռադատված մոտեցում է, որովհետեւ ուսումնասիրել ենք ավագանու գործունեությունը եւ գտնում ենք, որ տարածքներում կանանց մուտքը որպես ավագանու անդամ կռահելի կդարձնի հասարակության համար հենց ավագանու գործունեությունը: Այդ իմաստով էլ բարձր տոկոսի ակնկալիք կա»: ՀՀԿ փոխնախագահը քննադատեց ընդդիմությանը` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու համար. «Փաստորեն մեր քաղաքական ուժերն իրենց քաղաքական կապիտալը միայն վատնում են Երեւանում եւ չեն մասնակցում ավագանու ընտրություններին տեղերում: Ասում են` ձեւական է, մեկ է իշխանության թեկնածուներն են անցնում. այդ դեպքում ինչո՞ւ են խորհրդարանական ընտրություններին մասնակցում: Որովհետեւ բոլորն ուզում են բուրգի վերեւում գտնվել, ժողովրդի հարցերով չզբաղվել: Որովհետեւ չեն կարողանում համախմբվել եւ ցույց տալ, որ ընդդիմությունն, իրոք, կարող է գյուղը կամ տարածքը բարձրացնել»:

Անդրադառնալով թեժ աշնան սպասման խոսակցություններին` մեր զրուցակիցը նշեց. «Իհարկե բարձր ակտիվություն կլինի, որովհետեւ երկիրը նախագահական ընտրությունների է գնում: Նախագահի թեկնածուներ էլ բնականաբար կլինեն»: Իսկ թե ԲՀԿ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ առանձին թեկնածուով հանդես կգա, ըստ Գ. Սահակյանի, ԲՀԿ-ն մինչեւ այժմ որեւէ քննարկում կամ վերլուծական չի ներկայացրել հասարակությանը, որ կարողանան գնահատականներ տալ. «Նախագահի թեկնածուների դեպքում կուսակցություններից շատերը թեկնածու են առաջադրելու հասարակության հետ այդ ակտիվ շրջանում ավելի շատ փոխհարաբերվելու, իրենց իմիջն ապագայի համար բարելավելու համար: Որքան այլընտրանքային թեկնածուներ շատ լինեն, այնքան ժողովրդի մեջ ակտիվությունը կբարձրանա, ընտրելու կամ կողմնորոշվելու խնդիրն ավելի հստակ կլինի», հանգիստ էր Գ. Սահակյանը:

Ռուբեն Հայրապետյանի մանդատի խնդրին եւս անդրադարձ եղավ. «Ինչքան էլ փորձ արվի դա քաղաքականացնել` դա անձի խնդիր է, իսկ մանդատի վայր դնելու նրա հայտարարության առթիվ ասել եմ, որ նա մի փոքր շտապել է: Համենայն դեպս` իր հայտարարությանը հակառակ որեւէ միտք նա առ այսօր նա չի արտահայտել ո՛չ հասարակության մեջ, ո՛չ էլ կուսակցությունում»:

Մարիետա Խաչատրյան

«Ազգ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031