Այս շաբաթ Թեհրանում հավաքվող Չմիավորված երկրների շարժման հերթական գագաթաժողովի նախօրեին ադրբեջանա-թուրքական դիվանագիտության ձեռնարկած փոխհամաձայնեցված քայլերը վերջին օրերին վերստին սրեցին իրադրությունը ոչ միայն՝ իրանա-ադրբեջանական, այլեւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում։
Դրա վկայությունն են պաշտոնական Թեհրանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կազմակերպած վերջին դիվանագիտական դեմարշները, որոնք արտաքուստ քողարկվելով զանազան հնարովի պատճառաբանությունների տակ, իրականում առաջնորդվում էին Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումների վրա ազդելու ընդհանուր նպատակով։
Նախ՝ Ադրբեջանի ղեկավարությունը Չմիավորված երկրների շարժման Թեհրանի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար ասպարեզ նետեց Ի.Ալիեւի դեմ անցած ապրիլի 29-ին իբր թե կազմակերպված մահափորձի վարկածը։
Համաձայն այդ վարկածի՝ Իլհամի փեսա Էմին Աղալարովի նախաեվրատեսիլյան համերգի պահին՝ ապրիլի 29-ին, նախատեսվում էր 16 հարկանի շենքի տանիքից կրակել նրա վրա՝ ճիշտ ԱՄՆ նախագահ Քենեդու սպանության տարբերակով։ Եվ քանի որ բրիտանական «The Telegraph»-ի պնդմամբ՝ հակաեվրատեսիլյան «մահափորձերի» պատվիրատուն եղել է անձամբ Իրանի հոգեւոր առաջնորդը, ապա սրանով պարզապես առիթ էր հորինվում Թեհրան մեկնելուց հրաժարվելու համար։
Գիտակցելով այդ հանգամանքը՝ վերջին պահին Բաքու ժամանեց Իրանի փոխարտգործնախարար, ծագումով՝ ադրբեջանցի Սեիդ Աբբաս Արաքչին՝ Իլհամի «սիրտը շահելու» նպատակով։ Բայց դա էլ չօգնեց, քանի որ Բաքվի տիրակալը հիշեց Իրանում ձերբակալված «ադրբեջանական պոետների» եւ իհարկե Ղարաբաղի հարցում Թեհրանի դիրքորոշման փոփոխության անհրաժեշտության մասին։
Ավելին՝ ընդունելով Իրանի փոխարտգործնախարար Սեիդ Աբբաս Արաքչիին՝ Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը «պարզ տեքստով» հայտարարեց, որ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստը բացասաբար է ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա», ուստի «բոլոր միջազգային կազմակերպություններն ու պետությունները պետք է ներազդեն Հայաստանի վրա, որ նա հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից»։
Ու թեեւ իրանական ներկայացուցիչը Բաքվում բանավոր «աջակցություն» է հայտնել ադրբեջանական քարոզչության դրույթների մի մասին, սակայն ակնհայտ է, որ դա չէ, որ Իրանից սպասում էին Բաքուն ու Անկարան։ Ուստի հասկանալի է, որ նման չափազանցված պահանջները ի դերեւ հանեցին Չմիավորված երկրների շարժման Թեհրանի գագաթաժողովին մասնակցելու հրավերը, որի առանցքային թեմաներն են լինելու Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ու Սիրիայի աջակցության խնդիրը։
Այս քայլերին զուգահեռ՝ պաշտոնական Բաքվի դիվանագիտական դեմարշին անհրաժեշտ կշիռ հաղորդելու համար Թուրքիան օրերս պաշտոնապես հայտարարել է 100 հազարից ավելի սիրիացի փախստական ընդունելու անհնարինության մասին եւ պահանջել նրանց տեղաբաշխման համար անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, այսինքն, սկսել բացահայտ ռազմական ինտերվենցիա։ Այս ծրագրին արդեն կտրականապես դեմ է արտահայտվել Իրանը, որի նախազգուշացումները Թուրքիայի հասցեին առայժմ կասեցնում են դրա իրականացումը, բայց նաեւ ստեղծում են անհրաժեշտ մթնոլորտ երկկողմ «առեւտրի» համար, ինչին էլ ձգտում է թուրքական կողմը։
Դրա վկայությունն է օգոստոսի 25-ին Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուի արտաքուստ խիստ տարօրինակ հայտարարությունը, քանզի ի վերջո ի՞նչ կապ ունի Սիրիայի հարցով բանակցությունները Թուրքիա տեղափոխելու նրա առաջարկը Ստամբուլում Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու Անկարայի ցանկության հետ։
Բայց, պարզվում է, «կապ» ունի, քանզի երբ հիշում ենք Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուի օգոստոսի 25-ի տարօրինակ զուգահեռները, ապա ակնհայտ է դառնում, որ սրանով իրականում փորձ է արվում Սիրիա-Լեռնային Ղարաբաղ «հիպոթետիկ կամրջի» ստեղծման միջոցով միացյալ ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի մի կողմից՝ Արեւմուտքի հետ Ադրբեջանի համագործակցության խորացման, մյուս կողմից՝ Սիրիայի հարցերին Թուրքիայի ռազմական միջամտության սպառնալիքներն օգտագործվեն Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշման փոփոխությանը հասնելու համար։
Դրանով Իրանը դրվում է դժվարին երկընտրանքի առաջ. եթե չես ուզում իմ միջամտությունը Սիրիայում, ուրեմն զիջումներ արա Ղարաբաղի հարցում։ Այսինքն՝ թուրքական երկու կողմերը ձգտում են շահարկել ներկա պահին Իրանի արտաքին քաղաքականությանը բաժին ընկած դժվարությունները Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշման հավասարակշռությունը խախտելու համար, ինչը թուրք-ադրբեջանական դիվանագիտության «ձեռագրին» բնորոշ հերթական մշակումն է։
Իրականում հենց սրա համար է Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել Սիրիայի խնդրին զուգահեռ Ղարաբաղի հարցի քննարկումը եւս տեղափոխել «ստամբուլյան հարթակ»։ Ու հասկանալի է, որ Հայաստանի համար ավելի քան անընդունելի նման սցենարը հասունացնելու համար է վերջին օրերին հետեւողական ճնշում գործադրվում իրանական կողմի վրա, որպեսզի Սիրիայի հարցում Թուրքիայի չեզոքությունը շահելու դիմաց իրանական կողմը «խնդրի» Իրանի նախագահի հրավերով Թեհրանում գտնվող Հայաստանի ղեկավարին ընդունել Ա.Դավութօղլուի առաջարկը։
Պարզ շանտաժի ու բարդ առեւտրի տարրեր պարունակող նման «փոխատեղումների» միջոցով Ղարաբաղի հարցում շահաբաժիններ ձեռք բերելու նենգ հնարքները նորություն չեն թուրք-ադրբեջանական դիվանագիտության համար։ Քաջ հայտնի է, որ նախկինում բազմաթիվ նույնատիպ փորձեր են ձեռնարկվել՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցություններում, սակայն որեւէ կոնկրետ արդյունք չեն տվել։ Ուստի ստացվում է, որ, օգտագործելով տարածաշրջանում զբաղեցրած իրենց դիրքերը, թուրքական երկու պետությունները դժվարություններ են ստեղծում մեկ Ռուսաստանի, մեկ՝ Իրանի համար եւ վերջում «բազար» են առաջարկում նրանց, իհարկե Ղարաբաղի հարցի շուրջ։
Անցած տարիներին բազմիցս գործադրված թուրք-ադրբեջանական դիվանագիտության այս նենգ հնարքի կրկնությունը ցույց է տալիս, որ ապագայում եւս նրանք փորձելու են տարածաշրջանում ստեղծվելիք ցանկացած հիմնախնդիր օգտագործել՝ Ղարաբաղի հարցում շահաբաժիններ կորզելու համար։ Մասնավորապես նույն նպատակով առաջիկայում թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտությունը կարող է օգտագործել նաեւ Վրաստանի ղեկավարությանը սպասվող դժվարությունները եւ նրան աջակցություն ցուցաբերելու դիմաց պահանջել ավելի կոշտ դիրքորոշումներ Հայաստանի հետ հարաբերություններում։
Կարծում ենք, նման քաղաքականության չեզոքացման հիմնական նախապայմանը Ղարաբաղի հարցը միանգամից մի քանի գերտերությունների հետաքրքրությունների դաշտում պահելու եւ նրա «ռեգիոնալացումը» կանխելու վճռականության ու կամքի դրսեւորումն է Հայաստանի ղեկավարության կողմից:
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»